Վրաստանում իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ՝ Ադրբեջանի քաղաքացի Հաֆիզ Սուլեյմանովին գտնելու համար, որը անհետացել է Թուրքիայից սահմանը հատելուց հետո, հաղորդում է Georgia Online-ը։
Անհետացածի զարմուհի Գյունայ Ալիզադեի պատմելով՝ ընտանիքն օգոստոսի 28-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Հարազատները ստուգել են սահմանային տեսախցիկների գրառումները և պարզել, որ Սուլեյմանովը Թուրքիայից անցել է Վրաստան։ Դրանից հետո նրա գտնվելու վայրն անհայտ է։
Ինչպես պատմել է Ալիզադեն, տղամարդը դեռ Թուրքիայում կորցրել էր հեռախոսը, ուստի նրա հետ անմիջականորեն կապ հաստատել հնարավոր չէ։ Ընտանիքն ինքնուրույն սկսել է որոնումները և դիմել համապատասխան մարմիններին։
«Մենք ստուգել ենք սահմանային տեսախցիկների գրառումները և պարզել, որ նա Թուրքիայից անցել է Վրաստան։ Հայտնի է միայն այդքանը, դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չունենք։ Քանի որ նա հեռախոսը կորցրել է Թուրքիայում, այժմ նրա հետ կապ հաստատել հնարավոր չէ։ Մեր ընտանիքն արդեն սկսել է որոնումները և դիմել համապատասխան մարմիններին։ Խնդրում ենք նրանց, ովքեր տեսել են նրան կամ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնել ոստիկանությանը կամ մեզ»,- ասել է զարմուհին։
Վրաստանի ՆԳՆ-ում հաստատել են, որ Սուլեյմանովի որոնումներն արդեն ընթանում են, և որոնողափրկարարական միջոցառումներ են իրականացվում։





























