Դատարանը Զեյնալ Սույունովային մեղավոր է ճանաչել  2011թ. հունվարի 1-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ահաբեկչության փորձ կատարելու մեջ եւ դատապարտել 10 տարվա ազատազրկման, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հետաքննության վարկածով 2010թ. հոկտեմբերից դեկտեմբերը Դաղստանում   «Գուբդենսկյան ջամաթի» առաջնորդ  Իբրահիմխալիլ Դաուդովը ավազակախումբ էր ստեղծել 2010թ. դեկտեմբերի 31-ի գիշերը   Մոսկվայի Կարմիր հրապարակում ահաբեկչություն գործելու համար:

Զեյնաբ Սույունովան մեկ այլ մասնակցուհու` Զավժատ Դաուդովայի հետ պետք է ահաբեկչության անմիջական մասնակից դառնար, սակայն խումբը չի կարողացել մինչեւ վերջ իրագործել ծրագիրը: 2010թ. դեկտեմբերի 31-ին Դաուդովայի գոտկատեղին ամրացված պայթուցիկը չնախատեսված կերպով պայթել էր հյուրանոցի շենքում, Դաուդովան տեղում մահացել էր:

Սույունովան եւս չէր կարողացել իրագործել ահաբեկչությունը` իրենից անկախ պատճառներով, քանի որ այդ պայթյունի հետեւանքով կորցրել էր իր մարմնին ամրացված պայթուցիկի կանխարգելիչը, բացի այդ` մնացել էր առանց բջջային հեռախոսի` չկարողանալով կապվել խմբի մնացած անդամների հետ, չիմանալով Կարմիր հրապարակի գտնվելու հստակ վայրը: Նա որոշել է վերադառնալ Դաղստան, բայց հունվարի 2-ին Վոլգոգրադում բռնվել եւ ուղարկվել էր Մոսկվա: