Տյումենի մարզի Աբատսկիի, Արոմաշևոյի, Վիկուլովոյի և Յուրգինսկիի շրջանների բնակիչներից սկսել են առգրավել ընտանի խոզերին՝ մորթի նպատակով։ Այս մասին հայտնել են ՌԴ Կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) մարզային կոմիտեի տելեգրամյան ալիքում։ «Պատմությունը կրկնվում է․ խոզերին սպանում ու այրում են, փոխհատուցում ոչ բոլորին են վճարում։ Բնակիչները զանգահարում են, բայց իշխանությունների հանդեպ վստահություն այլևս չկա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նման գործողությունների պատճառը, իշխանությունների պնդմամբ, հիվանդության տարածման ռիսկն է։ Հավանաբար խոսքը խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին է, հայտնել են ՌԴԿԿ-ում։ Նույն կարծիքին են տեղի բնակիչներն ու «գյուղական մասնագետները», հայտնել էր անասնամորթի հետ կապված իրավիճակը լուսաբանող «Ագրարնի սովետ» ալիքը։ Կոմունիստները պնդում են, որ իրենց հաջողվել է կանգնեցնել Յուրգինսկիի շրջանում իրականացվող կենդանիների ոչնչացումը։
Նշվում է, որ խոզերին սկսել են մորթել դեռ օգոստոսին, այն ժամանակ այդ միջոցառումը վերաբերում էր միայն Գոլիշմանովոյի շրջանին, որտեղ անասնաբույժները հղում էին անում նահանգապետ Ալեքսանդր Մոորի որոշմանը՝ չհստակեցնելով հիվանդության անվանումը։ ՌԴԿԿ-ի տվյալներով՝ համայնքի տարածքում՝ բերքահավաքին պատրաստ դաշտում, արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընկած են սպանված խոզերի լեշերը։ Դրանք չեն այրում, իսկ գազաններն ու թռչունները հոշոտում են լեշերը, պնդում են կուսակցականները։ Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, մնացած խոզերը վարակված չեն թվում։ ՌԴԿԿ-ն դիմում է ուղարկել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։ Ավելի վաղ Իրկուտսկի մարզում ֆերմերներից սկսել էին զանգվածաբար առգրավել կովերին, այծերին, ոչխարներին և խոզերին՝ ոչնչացման նպատակով։ Իշխանությունները հղում են անում ընտանի կենդանիների հանգուցավոր մաշկաբորբի բռնկմանը։
Բացի այդ, մարզի տարածքի մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել։ Մարզային վարչակազմից հայտնել են, որ վարակման գոտում են հայտնվել Բուտիրկի և Կոտի գյուղերը․ սեպտեմբերի 5-ի դրությամբ արձանագրվել է էպիզոոտիկ (անասնահամաճարակային) ութ օջախ՝ «մանր եղջերավոր անասունների ապօրինի ներկրման» հետևանքով։ Տեղի բնակիչները հայտնել են, որ Բուտիրկիի ծայրամասում անասնաթաղոց են կազմակերպել, որտեղ արդեն այրվել է շուրջ հարյուր գլուխ անասուն։ Ֆերմերները պնդում են, որ իրենց ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել, իսկ կենդանիներից անալիզներ չեն վերցրել, ընդ որում՝ ոչնչացնում են նաև արտաքնապես առողջ անասուններին։
Տյումենի մարզում, խոզերի աֆրիկյան ժանտախտի ենթադրյալ բռնկման պատճառով, արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել Ուպորովոյի, Իշիմի, Օմուտինսկոյեի և Յուրգինսկոյեի շրջաններում։ Անցյալ շաբաթ կարանտին էր հայտարարվել նաև Յալուտորովսկի շրջանում, գրում է «Ագրարնի սովետը»։





























