Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
Աճյունը հայտնաբերվել է 1977 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ուիլսոն օկրուգում, արդյունաբերական ձեռնարկությունից ոչ հեռու գտնվող անտառում։ Քննիչների գնահատմամբ՝ դրանք այնտեղ գտնվել էին վեց ամսից մինչև երկու տարի։ Այդ ժամանակ փորձագետները ենթադրել էին, որ մահացածը 16-ից 23 տարեկան սպիտակամորթ կին է եղել։
Աճյունի հայտնաբերման հանգամանքները թույլ են տվել գործը որակել որպես սպանություն։ Սակայն մահացածի ինքնությունը պարզել չի հաջողվել։ Քննիչները ստուգել են ատամնաբուժական տվյալները, սակայն համընկնումներ չեն գտել, և գործը ժամանակի ընթացքում դարձել է «փակուղային»։
2010 թվականին գործը վերաբացվել է։ Նահանգի մարդաբանն ատամները փոխանցել է ԴՆԹ վերլուծության, իսկ ստացված գենետիկական պրոֆիլները մուտքագրվել են ազգային տվյալների բազաներ։ Սակայն դա նույնպես չի հանգեցրել համընկնման։
Նոր բեկումը տեղի է ունեցել 2024 թվականին, երբ գործով զբաղվել է Հյուսիսային Կարոլինայի նահանգային քննչական բյուրոյի չբացահայտված հանցագործությունների հետաքննության խմբի հատուկ քննիչ Էնդի Մուրը։ Նա ոսկորի նմուշ է ուղարկել դատական ԴՆԹ փորձաքննության լաբորատորիա։ Մասնագետներին հաջողվել է առանձնացնել գենետիկական նյութը և կազմել բարդ ԴՆԹ պրոֆիլ, որը հետո օգտագործվել է հնարավոր հարազատների որոնման համար։
Ստացված տվյալները քննիչներին տարել են դեպի Սինդի Մարսել Բլիզարդի պատմությունը՝ 15-ամյա աղջկա, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգի Մոնքթոն քաղաքում փախել էր տնից։
Գենետիկական վերլուծությունը, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և դաշնային գերատեսչությունների աշխատանքը վերջերս հնարավորություն են տվել վերջնականապես հաստատել, որ Հյուսիսային Կարոլինայում հայտնաբերված աճյունը պատկանել է Բլիզարդին։
Նրա մահվան գործով քննությունը շարունակվում է։




























