Թռիչքներից վախ մոտավորապես ունենում է յուրաքանչյուր վեցերորդ մարդը, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ուղևորների համար շատ ավելի վտանգավոր է գտնվել գետնի վրա։ Գիտնականները համեմատել են տրանսպորտի տարբեր տեսակների մահացու ռիսկերը և պարզել՝ նույն հեռավորության դեպքում ավտոմեքենայով կամ բեռնատարով ուղևորությունը 626 անգամ ավելի վտանգավոր է, քան կոմերցիոն ինքնաթիռով թռիչքը, գրում է Daily Mail-ը։
Էմբրի-Ռիդլ ավիացիոն համալսարանի հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի կոմերցիոն ավիացիայում 2016–2025 թվականների մահացության տվյալները և դրանք համադրել տրանսպորտի այլ տեսակների, ինչպես նաև հանգստի որոշ ձևերի, կենցաղային և մասնագիտական ռիսկերի ցուցանիշների հետ։
Կոմերցիոն ավիացիան համեմատության մեջ ներառված հիմնական տրանսպորտային միջոցներից ամենաանվտանգն է եղել։ Ավտոմեքենայով ուղևորության դեպքում մահվան հարաբերական ռիսկը կազմել է 626՝ մեկ միավոր ընդունված ավիաթռիչքի համեմատ։ Ճանապարհներին գործող բոլոր ավտոտրանսպորտային միջոցների համար ցուցանիշը հասել է 674-ի, իսկ գնացքների համար՝ 239-ի։
Ավելի բարձր է ռիսկը նաև մոտոցիկլետով երթևեկելիս՝ այն 22 279 անգամ ավելի մեծ է եղել, քան կոմերցիոն ավիաթռիչքի դեպքում։ Հեծանիվը նույնպես զգալիորեն ավելի վտանգավոր է ինքնաթիռից․ ռիսկը գրեթե 12 հազար անգամ ավելի բարձր է եղել։ Նույնիսկ միջքաղաքային ավտոբուսը մոտ ինն անգամ ավելի վտանգավոր է եղել։
Հետազոտողները ավիաթռիչքները համեմատել են նաև ակտիվ հանգստի որոշ տեսակների հետ։ Դահուկով կամ սնոուբորդով սահելիս մահանալու ռիսկը 73 անգամ ավելի բարձր է եղել, դայվինգով զբաղվելիս՝ 180 անգամ, մարաթոնի ընթացքում՝ 202 անգամ, իսկ պարաշյուտով ցատկելիս՝ 422 անգամ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ տրանսպորտի անվտանգության ընկալումը հաճախ ձևավորվում է ոչ թե իրական վիճակագրությամբ, այլ հազվադեպ աղետների հուզական ազդեցությամբ։ Ավիավթարները ստանում են ԶԼՄ-ների հսկայական ուշադրությունը, ուստի կարող են ստեղծել կայուն տպավորություն, թե թռիչքները հատկապես վտանգավոր են։ Միևնույն ժամանակ վնասվածքների և մահվան շատ ավելի տարածված պատճառները, ներառյալ սովորական ավտոմեքենայով ուղևորությունները, մնում են ավելի քիչ նկատելի։
«Թեև ոչ մի գործունեություն զերծ չէ ռիսկից, ԱՄՆ-ի կոմերցիոն ավիացիան հասուն և խիստ կարգավորվող տրանսպորտային համակարգ է, որտեղ վտանգի մակարդակը հաջողվել է նվազեցնել բացառապես ցածր մակարդակի», — եզրափակել են գիտնականները։
Հետազոտողների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի ժամանակակից կոմերցիոն ավիացիան ոչ միայն զգալիորեն ավելի անվտանգ է ավտոմեքենայով ուղևորություններից, այլև ընդհանուր առմամբ դասվում է կյանքի համար չափազանց ցածր ռիսկ ունեցող գործունեության տեսակների շարքին։




























