Սեպտեմբերի 9-ի գիշերը Նովոռոսիյսկում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ Նրա խոսքով՝ ևս 29 քաղաքացի ստացել է վնասվածքներ, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Անհրաժեշտության դեպքում նրանց կտեղափոխեն երկրամասային բժշկական կենտրոններ։

Կոնդրատևը հստակեցրել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է հինգ բազմաբնակարան շենք և երեք առանձնատուն, ինչպես նաև տաճար և մանկապարտեզ։ Ականատեսները հրապարակել են Վոլգոգրադսկայա փողոցի իննահարկ շենքում բռնկված հրդեհի տեսանյութը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի առավոտյան, Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել էր «ձեռնարկությունների տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու» մասին։ Ինչպես Astra-ն պարզել է ականատեսների կադրերից, հարձակման թիրախը եղել է Նովոռոսիյսկի մազութի տերմինալը, որը մտնում է Ռուսաստանի խոշորագույն ծովային առևտրային նավահանգստի կազմի մեջ։ Այնտեղ հրդեհ է սկսվել։

Բացի այդ, վնասներ են գրանցվել Անապայում։ Նահանգապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են երեք առանձնատան և մանկապարտեզի վրա։ Տուժածներ չկան։ Հարձակման հետևանքները վերացվում են նաև Կրիմսկի և Տեմրյուկի շրջաններում։