ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հայտնված մի շարք քաղաքացիներ ՝ պահանջելով արդար ֆինանսական քաղաքականություն բոլորի համար։
Նրանց ձեռքին կային պաստառներ՝ «ԴԱՀԿ-ի տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Միացի՛ր», «Սա մեր վերջին հույսն է»։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պետությունը հայտարարի ամբողջական համաներում՝ ամբողջությամբ զրոյացնելով կուտակված բոլոր տույժերն ու կատարողական ծախսերը, քանի որ շատ քաղաքացիների բանկային հաշիվներն ու քարտերն արգելափակված են, ինչը դժվարացնում է նրանց կյանքը։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Ուզում ենք, որ համաներում անեն, մարդիկ տներ են կորցնում, գոնե մեկանգամյա համաներում անեն։ Իմ դեպքում, գործը գնացել է ԴԱՀԿ, ԴԱՀԿ–ն ինձնից պահել է 2 մլն 370 հազար դրամ, հետո գնացել եմ բանկից զրոյական թուղթ վերցնելու, ինձ ասում են՝ դուք դեռ ձեր վարկը չեք մարել։ Ես ընկել եմ ԴԱՀԿ, այդքան մարել եմ, ինձ կոնկրետ ոչ մեկ պատասխան չի տալիս այդ հարցի համար։ Ասում են՝ ձեր մայր գումարից մարվել է 200 000 դրամ, բայց արդեն ԴԱՀԿ-ով զրո է։
Հարկադիրը մի վարկը մարում է, հետո անցնում է հաջորդին, այդ ընթացքում այն մի վարկը վարկը դառնում է չգիտեմ ինչքան։ ՎՏԲ–ում 1,3 մլն վարկ ունեի, դարձել է 3 մլն։
Մենք պարոն Փաշինյանի համար աշխատանքի չենք գնացել, հելել ենք ոտի, ինքը հասել է նստել է այդտեղ, գոնե հիմա էլ ինքը մեզ աջակցի։ Այ դա ենք ակնկալում Փաշինյանից»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ 98 000 դրամ պարտք ունի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, բայց դա իրենը չի. «Ընկերուհիս խնդրեց, իր համար իմ անունով վարկ վերցրի, բայց հիմա ինքը չի կարողանում վճարել, ես էլ ի վիճակի չեմ վճարել, ու ԴԱՀԿ-ում եմ հայտնվել։ Թոշակառու կին եմ, քիչ եմ ստանում, ու կա՛մ պետք է դեղ առնեմ, կա՛մ հաց։ Ուզում եմ, որ այդ 98 000-ը «ջրվի», ես էլ կարողանամ ապրել։ 2 ամիս թոշակիցս 15000-ական դրամ պահում է արվել արդեն։ Դիմել եմ ընկերուհուս, բայց ինքն էլ ի վիճակի չէ վճարել»,- ասաց կինը։
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին ընդհանուր համաներում անել բոլոր քաղաքացիների համար` առանց տարանջատման։
Ակցիայի ավարտին «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության առաջնորդ, քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արսեն Սարգսյանը հայտարարեց՝ իրենք ԱԺ-ին ներկայացնելու համար օրենսդրական նախագիծ են մշակել։ Սարգսյանը և ևս 2 մարդ մտան ԱԺ՝ հանդիպելու խոսնակ Ռուբեն Ռուբինյանի օգնականի հետ և ներկայացնելու իրենց նախագիծը։











