ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երեք օգնականներին, այդ թվում՝ Նատալի Հարփին, որը, ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները, պարբերաբար ուղեկցում է Թրամփին նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումներին, Սուրբ Ծննդյան նվերի կարգով 45 հազարական դոլար է նվիրել։ Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնում է The Guardian թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի հրապարակած ֆինանսական հաշվետվություններին։

Պարբերականի տեղեկություններով՝ Հարփից բացի, 45 հազար դոլար ստացել են նաև հանրային կապերի հարցերով խորհրդական Մարգո Մարտինը և Օվալաձև աշխատասենյակի գործառնությունների գծով տնօրենի տեղակալ Չեմբեռլեն Հարիսը։ Սպիտակ տան գործառնությունների տնօրեն Ուոլտ Նաուտան ստացել է 20 հազար դոլարի նվեր։

Նվերների մասին տեղեկությունը նշված էր վարչակազմի հրապարակած աշխատակիցների եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Սպիտակ տան՝ Կոնգրեսին ներկայացված եկամուտների հաշվետվության համաձայն՝ Հարփը, Մարտինը և Հարիսը տարեկան վաստակում են 150 հազար դոլար, իսկ Նաուտան՝ 175 հազար դոլար։