Ալբանիայում քննարկելու են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Մայիսի 25-ին, Տիրանայում մեկնարկելու է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվելու են հրեական գերեզմանների մասին, պատմական եւ մշակութային նշանակալի ֆիլմերի, հեռուստա- եւ ռադիոհաղորդումների, աուդիոձայնագրությունների եւ լուսանկարների մատչելիությունն ապահովելու մասին զեկույցները:

Հանձնաժողովը քննարկելու է նաեւ Սերբիայում եւ Հայաստանում կայացած ընտրությունները:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս մասնակցելու է նիստին, որին մասնակցելու են 47 երկրների 60 խորհրդարանականներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ըստ ընթացակարգի խորհրդարանական ընտրությունների դիտարկման մասին զեկույցը նիստից մեկ շաբաթ առաջ պետք է ուղարկված լիներ, սակայն ինքը դեռ չի ստացել այն: