Մեծ Բրիտանիայում պահեստազորայիններն ավելի քիչ ծառայություն կանցնեն բյուջետային միջոցների տնտեսման անհրաժեշտության պատճառով։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph պարբերականը՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Ինչպես նշվում է հոդվածում, բանակային պահեստազորի ստորաբաժանումների հրամանատարները տեղեկացվել են մինչև տարեվերջ պահեստային ուժերի վրա կատարվող ծախսերը կրճատելու անհրաժեշտության մասին։ Պարբերականի տվյալներով՝ ակնկալվում է, որ կրճատումների արդյունքում յուրաքանչյուր պահեստազորայինի ծառայության միջին տևողությունը կնվազի 4-6 օրով։ Դա կանդրադառնա ոչ միայն պահեստազորայինների պատրաստության, այլև այլ խնդիրների կատարման վրա, ներառյալ ազգային կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունն ու կիբեռհարձակումներին հակազդումը։

The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Թագավորական ռազմաօդային ուժերին և Թագավորական ռազմածովային նավատորմի պահեստային ուժերին նույնպես հանձնարարվել է ընթացիկ ֆինանսական տարում միջոցների տնտեսման հնարավորություններ գտնել, սակայն կրճատումներն ամենաշատը կազդեն բանակային պահեստազորի վրա։

Մեծ Բրիտանիայում բանակային պահեստազորայինը սովորաբար ծառայում է տարեկան նվազագույնը 27 օր, սակայն ցանկության դեպքում կարող է անցնել լրացուցիչ պատրաստություն, այդ թվում՝ 15 օր տևողությամբ ավելի երկարատև ամենամյա հավաքներ։