Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի ու ավելի հաճախ են անաշխատունակության թերթիկ վերցնում ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ՈւՊՀՀ / ADHD) պատճառով․ անաշխատունակության տեղեկանք տրամադրվում է, եթե խանգարման ախտանիշները խոչընդոտում են աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Այս պրակտիկան արժանացել է կառավարության խորհրդական Ալան Միլբերնի քննադատությանը, ով գործող համակարգն անվանել է «խելահեղություն»։ Փորձագետի խոսքերը մեջբերում է Daily Mail պարբերականը։

Խոսքը Fit note պաշտոնական փաստաթղթի մասին է, որը հաստատում է, որ առողջական վիճակն ազդում է մարդու աշխատունակության վրա։ Հիվանդության առաջին յոթ օրը սովորաբար կարելի է բաց թողնել առանց նման տեղեկանքի, սակայն եթե սահմանափակումները պահպանվում են ավելի երկար, կարող է պահանջվել բժշկական հաստատում։ Բժիշկը կարող է նշել, որ մարդն «սպառված» է կամ ի վիճակի չէ աշխատել, կամ էլ որ նրան անհրաժեշտ են աշխատանքային պայմանների փոփոխություններ, օրինակ՝ աշխատաժամերի կրճատում կամ պարտականությունների վերանայում։

NHS England կազմակերպության հրապարակած տվյալներն անաշխատունակության պատճառները խմբավորում են մի քանի կատեգորիաներում։ Ընդ որում, հոգեկան առողջության խնդիրներն ընդհանուր առմամբ մնում են տեղեկանքի տրամադրման հիմնական պատճառներից մեկը․ 2025 թվականին ընտանեկան բժիշկները հոգեկան առողջության հետ կապված գրեթե 1 միլիոն անաշխատունակության թերթիկ են տրամադրել։ Ընդհանուր առմամբ Անգլիայում տարեկան ձևակերպվում է շուրջ 11 միլիոն նման տեղեկանք, ընդ որում՝ տասից ավելի քան իննում առկա է «անաշխատունակ է» նշումը։

ՈւՊՀՀ-ն նյարդային համակարգի զարգացման խանգարում է, որն ազդում է ուշադրության, իմպուլսները վերահսկելու ունակության և ակտիվության մակարդակի վրա։ Մեծահասակների մոտ այն կարող է արտահայտվել կենտրոնացման դժվարություններով, մոռացկոտությամբ, ժամանակի կազմակերպման և առաջադրանքների կատարման խնդիրներով, ցրվածությամբ ու իմպուլսիվ որոշումներով։

Միլբերնը կարծում է, որ նման ախտորոշումն ինքնին չպետք է անաշխատունակություն ենթադրի։ Նրա խոսքով՝ ներկայիս համակարգը կարող է երիտասարդներին երկար ժամանակով հեռացնել աշխատաշուկայից․ հիվանդության և հաշմանդամության նպաստներ ստանալ սկսողների մոտ կեսը համակարգում մնում է շուրջ 15 տարի։ Նա նախազգուշացրել է, որ սա ոչ միայն ֆինանսական բեռ է ստեղծում պետության համար, այլև սպառնում է երիտասարդների կարիերայի հեռանկարներին։