Իրանում շահագործման է հանձնվել ծովի ջրի աղազերծման երկու խոշոր գործարան երկրի հարավային Բուշեհր նահանգում, որտեղ տեղակայված են երկրի կարևոր էներգետիկ և արդյունաբերական օբյեկտները, հայտնում է Mehr-ը։
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին երեքշաբթի մասնակցել է Ասալույե և Բոնակ քաղաքներում գտնվող ձեռնարկությունների գործարկմանը։ Նրա նշելէ, որ ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ջրով ապահովելու համար ինչպես տեղական բնակիչներին, այնպես էլ տարածաշրջանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։
Ամենախոշոր նախագիծն Ասալույեի գործարանն է, որը Իրանի էներգետիկայի նախարարությունը անվանել է երկրում ջրի մաքրման առաջին «խելացի» ձեռնարկությունը։ Դրա նախագծային հզորությունը կազմում է օրական 5 հազար խորանարդ մետր ջուր, ընդ որում առաջին փուլում շահագործման են հանձնվել օրական 1000 խորանարդ մետր հզորություններ։
Ձեռնարկությունը նախատեսված է ավելի քան 174 հազար սպառողի ջրով ապահովելու համար։ Գործարանում կիրառվում է հակադարձ օսմոսի տեխնոլոգիա, ինչպես նաև ինքնամաքրման գործառույթ ունեցող նախնական մաքրման համակարգ։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ գործարանը համալրված է երկրում առաջին ամբողջությամբ հայրենական, իրական ժամանակի մոնիթորինգի համակարգով, որը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության կայունությունն ու ջրի որակը։
Օբյեկտի առաջին փուլը հաջողվել է ավարտել մեկ տարուց էլ պակաս ժամանակում։ Ասալույեի գործարանի հետ միաժամանակ Ալիաբադին շահագործման է հանձնել նաև Բոնակում ջրի աղազերծման ձեռնարկությունը։





























