Հյուսիսային Կորեան Յոնբյոնում գտնվող միջուկային համալիրում կառուցել է ուրանի հարստացման համար նախատեսված նոր երկհարկանի շենք, ինչը «լուրջ մտահոգություն» է առաջացնում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հաղորդում է BBC News-ը։

ԱԷՄԳ-ի տվյալներով՝ նոր շենքը կարող է տեղավորել մինչև 28 ցենտրիֆուգային կասկադ, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման համար։ Գործակալությունը նաև հայտնել է Փհենյանի մերձակայքում գտնվող Կանսոն շրջանում ուրանի հարստացման մեկ այլ օբյեկտում ընդլայնված հատվածի աշխատանքի մեկնարկի մասին։

2009 թվականից ի վեր Հյուսիսային Կորեայում ԱԷՄԳ տեսուչներ չկան. այն ժամանակ Փհենյանը նրանց վտարեց երկրից, ուստի ԿԺԴՀ-ի միջուկային ենթակառուցվածքի վիճակը գնահատում է հիմնականում արբանյակային պատկերների հիման վրա։

«ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շարունակությունն ու հետագա զարգացումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ակնհայտ խախտում են և խոր ափսոսանք են առաջացնում»,- հայտարարել է Գրոսսին։

Յոնբյոնում նոր շենքի գոյության մասին ԱԷՄԳ-ն առաջին անգամ հայտնել էր հունիսին։ Գործակալությունը այն կապել էր ուրանի հարստացման օբյեկտի հետ, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել էր հունիսի 3-ին։ ԱԷՄԳ-ի տվյալներով՝ հյուսիսկորեացի առաջնորդն այն ժամանակ հայտարարել էր երկրի արտադրական հնարավորությունների զգալի ընդլայնման մասին, ինչը հնարավորություն կտա «ավելի լայնածավալ ծրագրեր» իրականացնել։

Ապրիլին ԱԷՄԳ-ն հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան, ըստ ամենայնի, մեծացնում է միջուկային զենքի արտադրության հնարավորությունները։ Կանսոնում օբյեկտի ընդլայնումը կառուցվել էր 2024 թվականին, իսկ դրա շահագործման նշաններ ի հայտ էին եկել 2026 թվականի հունվարին։

Փորձագետները նշում են, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի իրական մասշտաբները մնում են անհայտ, քանի որ օբյեկտների մի մասը կարող է թաքցված լինել։ Յոնբյոնից և Կանսոնից բացի, ենթադրվում է նաև այլ գաղտնի հարթակների գոյություն։

Կիմ Չեն Ընի օրոք Հյուսիսային Կորեան զգալիորեն ակտիվացրել է միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը։ Երկիրն իրականացրել է վեց միջուկային փորձարկում, որոնցից վերջինը՝ 2017 թվականի սեպտեմբերին, իսկ 2017 թվականից ի վեր բազմիցս միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է փորձարկել։

2022 թվականին Փհենյանը պաշտոնապես իրեն հռչակեց միջուկային տերություն և հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել միջուկային զենքից։ Փորձագետների գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկներ ունի։

Օգոստոսին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը Փհենյանին առաջարկել էր բանակցություններ անցկացնել երկու երկրների միջև պատերազմի պաշտոնական ավարտի շուրջ։ Նա նաև հայտարարել էր, որ նման բանակցությունները կարող էին հարթակ դառնալ ԿԺԴՀ-ի միջուկային ներուժի հետագա զարգացումը կանգնեցնելու ուղիների քննարկման համար։ Փհենյանը դեռ չի պատասխանել առաջարկին։