Մոտ 2 մլն բարել իրաքյան մազութ տեղափոխող տանկերը Իրաքի տարածքային ջրերում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Պանամայի դրոշի ներքո նավարկող New Andros տանկերի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 06:00-ին: Իրաքցի պաշտոնյաների տվյալներով՝ նավը տեղափոխում էր մոտ 2 միլիոն բարել մազութ: Նավում եղել է անձնակազմի 22 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ չորեքշաբթի գիշերը տարածաշրջանում ռազմական ակտիվության ընթացքում Պարսից ծոցի հյուսիսային հատվածում և Օմանի ծոցում մի շարք առևտրային նավեր են ենթարկվել հրետակոծության, ինչը հանգեցրել է վնասվածքների: Տուժածների կամ բնապահպանական վնասների մասին տվյալներ դեռևս չկան:

Եվս մեկ միջադեպ է գրանցվել Միացյալ Արաբական Էմիրությունների Ռաշիդ նավահանգստից 24 ծովային միլ հեռավորության վրա: UKMTO-ի տվյալներով՝ խարիսխ գցած նավը թեքվել է, ինչը կարող է վկայել անհայտ արկի հարվածից հետո նավի մեջ ջուր լցվելու մասին:

Իրանը չորեքշաբթի օրը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջանում 10 նավի վրա հարձակվելու մասին։ Թեհրանը հայտնել է, որ այդ հարվածները պատասխան են եղել ԱՄՆ-ի կողմից իրանական հինգ նավթատար տանկերների խորտակմանը: Կողմերն իրականացրել են նավերի վրա փոխադարձ հարձակումների ամենախոշոր հայտարարված շարքը՝ շուրջ վեց ամիս շարունակվող պատերազմի սկզբից ի վեր: