Վարշավայում Վիսլա գետի ջրի մակարդակը իջել է ռեկորդային ցածր նիշի՝ 95 սմ-ի։ Նոր հակառեկորդը գրանցվել է չորեքշաբթի օրը Warszawa-Bulwary հիդրոլոգիական կայանում, հայտնում է Լեհաստանի Օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտը՝ RMF 24-ի հաղորդմամբ։

«Այսօր մեր օպերատիվ տվյալները իսկապես կհասնեն նոր ռեկորդի՝ 95 սմ, իսկ հնարավոր է՝ նաև 94 սմ։ Հենց այդպիսի նվազագույն արժեք է գրանցվել առավոտյան ժամերին»,- հայտնել է ինստիտուտի ջրաբան Յան Շիմանյակևիչը։

Ըստ նրա՝ դա պատմականորեն նվազագույն ցուցանիշն է Warszawa-Bulwary կայանի համար դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում, որոնց տվյալները վարվում և միատեսակացվում են 1950-ականներից սկսած։

Նախորդ հակառեկորդը սահմանվել էր ընդամենը մեկ շաբաթ առաջ և կազմել էր 98 սմ։ Ջրի ցածր մակարդակ գրանցվում է նաև Warszawa-Nadwilanówka և Մոդլին կայաններում՝ համապատասխանաբար 15 և 183 սմ։

Լեհաստանի հարավային շրջանների, ինչպես նաև նրա արևմտյան և արևելյան ծայրամասերի համար գործում են հիդրոլոգիական երաշտի վերաբերյալ նախազգուշացումներ։

Հիդրոլոգիական երաշտն առաջանում է մակերևութային և ստորգետնյա ջրամբարներ ջրի ներհոսքի կրճատման դեպքում։ Այն բնութագրվում է ջրի մակարդակի և գետերի հոսքի նվազումով, ինչպես նաև լճերում ջրի մակարդակի իջեցմամբ։