Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի «պարտությունը մոտ է»՝ ելույթ ունենալով սիրիական տարածքում գտնվող Հերմոն լեռից, որը Իսրայելը վերահսկում է Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2024 թվականի վերջից, գրում է The Times of Israel-ը:

«Գլխավոր խնդիրն Իրանի ահաբեկչական ռեժիմին հաղթելն է։ Մենք դրան շատ մոտ ենք։ Մենք գիտենք, որ ամբողջ առանցքը, ի վերջո, կփլուզվի»,- ասել է Նեթանյահուն։

Նա հայտարարել է նաև, որ Իսրայելը թույլ չի տա, որ «ահաբեկչական բանակն» ամրապնդվի իր սահմանների մոտ։ Ըստ նրա՝ նման զարգացումը թույլ չտալը դարձել է Իսրայելի գլխավոր ձեռքբերումներից մեկը բազմաճակատ պատերազմում, որը հաջորդեց ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։

«Մենք թույլ չենք տա, որ որևէ ահաբեկչական բանակ ձևավորվի մեր սահմանի երկայնքով»,- ընդգծել է Նեթանյահուն։

«Մենք հաստատակամ ենք դա անել, և մենք դա կանենք»,- հավելել է նա՝ խոսելով իրանական ռեժիմի ջախջախման խնդրի մասին։

Նեթանյահուն այցելել է Հերմոն լեռան սիրիական հատվածը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Թամիր Յադայիի հետ միասին։