Մեր օրակարգն իշխանափոխությունն է, այն չի փոխվել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Մենք բազմիցս ասել ենք, թե ինչ պատճառով ենք վերցրել մանդատները։ Տեսնում ենք տարբեր սցենարներ, հնարավոր է իրադարձությունների տարբեր զարգացում, և խորհրդարանական լծակները մեզ համար կդառնան օժանդակ տարր թե՛ փողոցային, թե՛ պայքարի այլ ձևերի դեպքում։ Ներկայիս իշխանությունների կործանարար քաղաքականության պայմաններում ոչինչ բացառված չէ, մենք այդ մասին խոսում ենք արդեն մի քանի ամիս»,- նշել է պատգամավորը։
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ պարտադիր չէ իշխանափոխության հասնել ծեծուջարդով, տուրուդմփոցով։ Նրա գնահատմամբ՝ բարեկրթությամբ և պրոֆեսիոնալիզմով այս նպատակին հասնելու հնարավորությունները կարող են ավելի բարձր լինել։ «Միաժամանակ ունենք մեր կարմիր գծերը, որոնց հատման դեպքում իշխանությունները համարժեք պատասխան կստանան»,- ընդգծել է Գևորգյանը։
Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները եկել են Հայաստանի խորհրդարան՝ երկրի և ժողովրդի համար զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ «Մենք պետք է օգտագործենք բոլոր խորհրդարանական լծակները, որպեսզի հասնենք այդ նպատակին։ Այսօր գործնականում նկատելի է, որ երբ բարձրաձայնում ես որևէ խնդրի մասին, պատասխանատու կառույցները սկսում են զբաղվել դրանով»,- ընդգծել է պատգամավորը։
Ըստ նրա՝ միաժամանակ հնարավորություններ են ստեղծվում ներկայացնելու նախագծեր, որոնք տեղերում կարող են բարելավել քաղաքացիների կյանքի որակը։ «Մեր օրակարգը կապված է նաև հասարակության խնդիրների հետ, և դրանց ավելի արդյունավետ լուծման համար իշխանությունները պետք է հեռանան», — եզրափակել է Գևորգյանը։











