Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան ստորագրել է հրամանագիր, որով չեղարկվում է երկրում շուրջ տասը տարի գործող՝ հանրային վայրերում գրանցված հրազեն կրելու սահմանափակումը, հաղորդում է BBC News-ը։

«Սխալ է, որ հանցագործները մինչև ատամները զինված են, իսկ օրինապաշտ մարդիկ չեն կարող իրենց պաշտպանել»,- հայտարարել է նախագահը՝ հիշեցնելով հանցավորության դեմ պայքարում կոշտ քաղաքականություն վարելու մասին իր նախընտրական խոստումը։

Սահմանափակումը մտցել էր 2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ Սկզբնապես միջոցը պետք է գործեր ժամանակավորապես՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների շրջանում, սակայն հետագայում այն ամեն տարի երկարաձգել են Սանտոսը և նրա երկու հաջորդները՝ պահպանողական Իվան Դուկեն և ձախ քաղաքական գործիչ Գուստավո Պետրոն։

Մինչ նոր հրամանագրի ստորագրումը նույնիսկ զենք կրելու գործող թույլտվություն ունեցողները չէին կարող այն տնից դուրս բերել առանց իշխանությունների լրացուցիչ թույլտվության։

Այժմ գրանցված զենքը կարելի կլինի կրել առանց այդպիսի լրացուցիչ թույլտվություն ստանալու, եթե հիմնական թույլտվությունը շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսպանական El País պարբերականի տվյալներով՝ փոփոխությունը կվերաբերի գրեթե 700 հազար թույլտվության տերերի։

Միևնույն ժամանակ դե լա Էսպրիելյան ընդգծել է, որ հրամանագիրը չի նշանակում զենքի ազատ կրում և չի չեղարկում դրա ձեռքբերման ու տիրապետման խիստ պահանջները։

«Կանաչ դաշինք» կուսակցության սենատոր Արիել Ավիլան որոշումն անվանել է «լուրջ սխալ»։ Նրա կարծիքով՝ օրինական գրանցված զենքը վերջիվերջո կարող է հայտնվել հանցագործների ձեռքում։ Սենատորը հայտարարել է նաև, որ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու և զենք կիրառելու իրավունքը պետք է պատկանի բացառապես պետական ուժային կառույցներին։

Դե լա Էսպրիելյան մերժել է հանցավորության աճի վերաբերյալ մտահոգությունները։ Ըստ նրա՝ ուժային կառույցները շարունակում են պայքարել անօրինական զենքի դեմ և տարվա սկզբից ի վեր առգրավել են ավելի քան 15 հազար միավոր զենք։ Դրանց մեծ մասը, ինչպես պնդում է նախագահը, պատկանել է ՖԱՐԿ-ից անջատված զինված խմբավորումների անդամներին և «Կլան դել Գոլֆո» հանցավոր խմբավորման անդամներին։

Ստորագրելով հրամանագիրը՝ դե լա Էսպրիելյան հայտարարել է, որ կատարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը. «Տղամարդու խոսքը նրա պատիվն է։ Ես պատիվ ունեմ, դրա համար էլ պահում եմ իմ խոսքը»։