Թուրքիայի հարավում անտառային և տափաստանային հրդեհների շարքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ավելի քան 20 տուն վնասվել կամ ոչնչացվել է, իսկ ավելի քան 1500 բնակիչ տարհանվել է, հայտնում է Turkish Minute-ը։
Չորեքշաբթի օրվա դրությամբ հրշեջները շարունակում էին մարել խոշոր հրդեհը Ադանա նահանգում։
Ամենախոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի մոտ 16:30-ին՝ Անթալիայի նահանգի Աքսու շրջանի Կարայոզ թաղամասում։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է դեպի հարևան Քեփեզ շրջան՝ վտանգելով բնակելի տները, ֆերմաներն ու տնտեսական շինությունները։
Եշիլքարաման թաղամասի բնակիչ Հասան Քահյան օգնում էր հրշեջներին, երբ սրտի կաթված է ստացել։ Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։ Եվս երկու մարդ ոտքերի այրվածքներ է ստացել, վեցը դիմել են բժշկական օգնության՝ ծխից թունավորման պատճառով։
Իշխանությունները տարհանել են 720 մարդու Աքսու շրջանի Կարայոզ, Յումուք և Եշիլքարաման թաղամասերի 254 տներից, ինչպես նաև Քեփեզ շրջանի Չամլըջա թաղամասից։ Քաղաքային ապաստարանից դուրս է բերվել ավելի քան 100 շուն։ Որոշ ժամանակով փակվել էր նաև Անթալիան և Ըսպարտան կապող ավտոճանապարհը։
Հրդեհը խաթարել է էլեկտրամատակարարումը ավելի քան երկու հազար սպառողի համար և վնասել բնակելի տներ, գոմեր ու ջերմոցներ։ Տեղի բնակիչներն օգնում էին հրշեջներին՝ օգտագործելով տրակտորներ, ջրատար մեքենաներ և բետոնախառնիչներ՝ լողավազանները լցնելու համար, որտեղից ջուր էին վերցնում ուղղաթիռներն ու հրշեջ մեքենաները։
Երեք օր անց Աքսուի հրդեհը հիմնականում հաջողվել է տեղայնացնել։ Գործողությանը ներգրավվել են երկու ինքնաթիռ, ութ ուղղաթիռ, 182 ջրատար մեքենա, 77 միավոր ծանր տեխնիկա և ևս 204 փոխադրամիջոց։
Եվս մեկ հրդեհ երեքշաբթի սկսվել է Քումլուջայի շրջանի Թոփթաշ թաղամասում և տարածվել դեպի Գյուզյորեն։ Այն բանից հետո, երբ կրակը մոտեցել է բնակելի տներին, բնակիչներին տարհանել են։ Հրդեհը վնասել է մոտ 10 տուն և մինչև չորեքշաբթի հիմնականում տեղայնացվել է։
Սերիկ շրջանում հրդեհը ոչնչացրել է վեց տուն, վնասել գյուղատնտեսական հողատարածքներ և ջերմոցներ, ինչպես նաև այրել մոտ 160 հեկտար անտառ։ Հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։
Ադանա նահանգում հրդեհը, որը սկսվել է Քոզան շրջանի Էնիզչաքըրը թաղամասում, տարածվել է դեպի հարևան Իմամօղլու և Ալադաղը շրջաններ։ Անվտանգ վայրեր են տեղափոխվել 835 մարդ՝ 285 տնից։ Կրակը ոչնչացրել է յոթ տուն, ևս 16 մարդ տուժել է ծխի ազդեցությունից և ստացել ամբուլատոր օգնություն։
Չորեքշաբթի Ալադաղը թաղամասի հրդեհը հաջողվել է տեղայնացնել, սակայն Քոզանում կրակի դեմ պայքարը շարունակվել է օդից և ցամաքից։ Գործողությանը ներգրավվել են երեք ինքնաթիռ, ինը ուղղաթիռ, երկու անօդաչու թռչող սարք, 154 ցամաքային փոխադրամիջոց և 671 աշխատակից։
Սեպտեմբերի սկզբին հրդեհներ տեղի են ունեցել նաև Ադանայի, Մերսինի, Քայսերիի, Բուրդուրի և Բուրսայի այլ շրջաններում։ Դրանց մեծ մասը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։
Թուրքիայի Անտառային տնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ սեպտեմբերի 1-8-ը երկրում գրանցվել է 146 անտառային հրդեհ և ևս 260 հրդեհ՝ անտառային տարածքներից դուրս։ Միայն սեպտեմբերի 6-8-ը տեղի է ունեցել 177 հրդեհ, դրանց թվում՝ 63 անտառային հրդեհ։
Հրդեհների հիմնական պատճառները դեռ չեն պարզվել։ Իշխանությունները տվյալներ չունեն, որոնք հնարավորություն կտային հրդեհների մեջ փոխկապակցվածություն գտնել։ Միևնույն ժամանակ կրակի տարածմանը նպաստել է ուժեղ քամին։




























