ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի (AJA East Coast) կազմակերպությունն ընտրել է տնօրենների խորհուրդը 2026–2027 թվականների համար։ Ասոցիացիայի նախագահ է ընտրվել մրցանակակիր զարդերի դիզայներ, GIA-ի մասնագիտական որակավորումներ ունեցող մասնագետ և ոլորտի ներկայացուցիչ Անի Խաչյանը, հայտնում է Asbarez-ը։

Խաչյանի ընտրությունը պատմական իրադարձություն է դարձել 1999 թվականին հիմնադրված կազմակերպության համար․ նա ասոցիացիայի ամբողջ պատմության ընթացքում նախագահ ընտրված առաջին կինն է։ Նրա նշանակումն արտացոլում է AJA East Coast-ի հետագա զարգացումն ու կանանց աճող դերը համաշխարհային ոսկերչական արդյունաբերության ղեկավար պաշտոններում։

Խաչյանն ունի ոսկերչական ոլորտում բազմամյա փորձ, մասնագիտական գեմմոլոգիական կրթություն և ձեռնարկատիրական փորձառություն։ Նա միաժամանակ զբաղվում է մենթորությամբ, պատասխանատու մատակարարման հարցերով և մասնագիտական զարգացման աջակցությամբ։

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ AJA East Coast-ի առաջին կին նախագահը։ Ավելի քան 25 տարի մեր ասոցիացիան աջակցում է հայկական վարպետությանը, ձեռնարկատիրությանը և պրոֆեսիոնալիզմին։ Ես շնորհակալ եմ կազմակերպության անդամներին ցուցաբերած վստահության համար և հույս ունեմ տնօրենների խորհրդի հետ միասին ամրապնդել համագործակցությունը ասոցիացիայի անդամների հետ, ընդլայնել կրթական հնարավորությունները, աջակցել երիտասարդ մասնագետներին և նպաստել հայկական մասնագիտական վարպետության առաջխաղացմանը համաշխարհային ոսկերչական արդյունաբերության մեջ»,- հայտարարել է Խաչյանը։

Ասոցիացիայի նախորդ նախագահ Արդեմ Ասլանյանը, որն ընտրվել է նոր գանձապետ, շնորհավորել է Խաչյանին ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարության ներքո կազմակերպությունը կշարունակի զարգանալ։

Խաչյանը Ani Fine Jewelry-ի հիմնադիրն ու կրեատիվ տնօրենն է․ դա կանանց պատկանող ընկերություն է, որը մասնագիտացած է բացառիկ զարդերի և ընտանեկան զարդանախշերի ստեղծման մեջ։ Նա ներկայացնում է ոսկերիչների երրորդ սերունդը և 2016 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում AJA East Coast-ում։ Ներկայում Խաչյանը նաև Jewelry Design Professionals Network-ի տնօրենների խորհրդի անդամ է։

Նա ստացել է Women's Jewelry Association-ի Cindy Edelstein Jewelry Design Scholarship կրթաթոշակը և ունի Accredited Jewelry Professional, Graduate Diamonds և Graduate Pearls մասնագիտական որակավորումներ, որոնք շնորհել է Ամերիկայի գեմմոլոգիական ինստիտուտը (GIA)։ Հետագայում Խաչյանը նախատեսում է անցնել GIA-ի Jewelry Design & Technology ծրագիրը, որը ներառում է զարդերի դիզայնի, ինժեներիայի, արտադրության, CAD/CAM տեխնոլոգիաների և ժամանակակից արտադրական գործընթացների ուսումնասիրություն։

ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի պատմական Diamond Dealers Club-ում։ Կազմակերպությունը միավորում է արտադրողների, դիզայներների, մանրածախ և մեծածախ վաճառողների, թանկարժեք քարերի մասնագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների։

Տնօրենների նոր խորհուրդը մտադիր է կենտրոնանալ կրթական ծրագրերի ընդլայնման, ասոցիացիայի անդամների ներգրավման և աջակցության, երիտասարդ մասնագետների մենթորության, հայկական ոսկերչական վարպետության առաջխաղացման, ռազմավարական գործընկերությունների զարգացման և ԱՄՆ-ում, Հայաստանում ու ամբողջ աշխարհում հայկական սփյուռքում գործող ոսկերչական մասնագետների միջև կապերի ամրապնդման վրա։