Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմն այսօր` մայիսի 18-ին, մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ եւ համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:

«Համատեղ մեծ աղեղը» հանդիսանում է զորավարժության հրամանատարաշտաբային փուլը, որի ընթացքում մասնակիցները հմտություններ ձեռք կբերեն շտաբային ընթացակարգերի եւ գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջեւ խնդիրների բաշխումից մինչեւ գործողության ավարտը:

Զորավարժության դաշտային փուլը կրում է «Համատեղ հեծյալ նիզակամարտիկ» խորագիրը: Այս փուլի ընթացքում վարժանքների մասնակիցները հմտանալու են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյունների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման եւ խուզարկման գործողությունները:

ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում նմանատիպ համագործակցային զորավարժություններին հայ խաղաղապահների մասնակցությունը միտված է ՀՀ զինված ուժերի ցամաքային հավաքական զորավարժանքների կարողությունների կատարելագործմանը` ինչպես միջազգային անվտանգության կազմակերպությունների հետ փոխգործունակության զարգացման, այնպես էլ մարտական պատրաստության կատարելագործման նպատակով:

Հայկական խաղաղապահ զորախումբը Հայաստան կվերադառնա մայիսի 30-ին: