Եվրամիությանը անդամակցության թեկնածու երկրները պետք է խզեն կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Եկեք Ամերիկան կրկին մեծ դարձնենք» (MAGA) շարժման հետ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը, հաղորդում է Euroactiv։

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ապագա անդամները կախվածություններ ստեղծեն այլ ուժերից, որոնք հակասում են մեր երկարաժամկետ շահերին»,- ասել է Կոսը երեքշաբթի Բրյուսելում Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի միջոցառման ժամանակ։

Ըստ նրա՝ ԵՄ ընդլայնման գործընթացի պատմության մեջ առաջին անգամ Եվրամիությունը «հակառակորդներ» ունի։ Հարցին, թե հատկապես ում նկատի ունի, Կոսը պատասխանել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը նրանցից մեկն է»։

Սակայն, ըստ եվրահանձնակատարի, ԵՄ-ն նաև «ճնշում է զգում Արևմուտքից»՝ «MAGA-ի գաղափարախոսների» կողմից, որոնք փորձում են եվրոպացիներին համոզել, թե եվրոպական քաղաքակրթությունն ու տնտեսությունն անկում են ապրում, իսկ ԵՄ-ում ժողովրդավարությունն, իբր, չի համապատասխանում նորմերին։

Կոսի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Թրամփի վարչակազմը ակտիվացրել է Արևմտյան Բալկանների երկրների հետ քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու փորձերը, որոնցից շատերը ձգտում են անդամակցել ԵՄ-ին։

Անցյալ տարի հրապարակված իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թրամփի վարչակազմը ԵՄ-ին մեղադրել էր «քաղաքական ազատությունն ու ինքնիշխանությունը» խաթարելու մեջ։ Փաստաթղթում նաև նշվում էր «Եվրոպայի ներկայիս ուղեգծին» դիմադրություն ցուցաբերելու մտադրության մասին՝ դաշինքի երկրներում աջ «հայրենասիրական կուսակցությունների» հետ համագործակցության միջոցով։

Միաժամանակ Կոսը տարբերակել է ԱՄՆ-ի և Չինաստանի ազդեցությունը։ Նրա կարծիքով՝ Պեկինը նախ և առաջ ձգտում է ամրապնդել տնտեսական կապերը թեկնածու երկրների հետ՝ հույս ունենալով շահ ստանալ նրանց ԵՄ անդամակցությունից հետո։

«Չինաստանը կարծես հաստատվում է մեր թեկնածու երկրներում, գալիս է այնտեղ և սպասում, թե երբ այդ երկրները կդառնան ԵՄ անդամ, որովհետև անդամակցությունից հետո նրա ընկերությունները կդառնան միասնական շուկայի մաս»,- ասել է նա։ Միաժամանակ Կոսը նշել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանը դեռևս տարածաշրջանում համեմատելի ապատեղեկատվական արշավներ չի օգտագործում։

Վերջին ամիսներին Արևմտյան Բալկանների երկրներում ամերիկյան ներդրումները նույնպես զգալիորեն աճել են։ Թրամփին առնչվող AAFS ընկերությունը դիտարկում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի ներդրումների հնարավորությունը Բոսնիա և Հերցեգովինայում։ Սերբիան ԱՄՆ-ի հետ ստորագրել է ներդրումների ոլորտում բացառիկ համագործակցության մասին համաձայնագրեր և հույս ունի կառուցել «Ջերդապ-3» նոր հիդրոէլեկտրակայանը՝ բացառապես ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ։

Ալբանիայում բողոքի ակցիաներ են ընթանում հյուրանոցային հանգստավայրի նախագծի պատճառով, որը կապված է Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել պահպանվող ճահճա-ջրային տարածքի տարածքում։

Չեռնոգորիան, որը համարվում է ԵՄ անդամակցության թեկնածու երկրների առաջատարներից մեկը, վերջին ամիսներին նույնպես ակտիվորեն գրավում է ամերիկյան իշխանությունների ուշադրությունը։