Լոնդոնի ոստիկանությունը սկսել է հետաքննել Reform UK կուսակցության՝ օտարերկրյա նվիրատվությունների առնչությամբ ընտրական օրենսդրության հնարավոր խախտումները, գրում է The Guardian-ը։

Նոր դրվագները կուսակցության նկատմամբ արդեն ընթացող հետաքննության մաս կդառնան։

Հետաքննությունը սկսվել է, երբ Channel 4 հեռուստաալիքը հրապարակել է Verbatim-ի լրագրողների նյութերը, որոնք գաղտնի նկարահանման ընթացքում օտարերկրյա դոնոր էին ներկայացել, որը մտադիր էր ֆինանսավորել Reform UK-ին։ Տեսագրության մեջ կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի երկու մերձավոր խորհրդականներ՝ Դեն Ջուքսը և Ջեյմս Օրը, ընտրական օրենսդրության պահանջները շրջանցելու եղանակներ էին քննարկում։

Տեսագրության հրապարակումից հետո Ջուքսը և Օրը հրաժարական են տվել։

Ոստիկանությունում հայտնել են, որ սեպտեմբերի 3-ին Channel 4 News-ի եթերից հետո ստացել են մի քանի հաղորդում՝ կապված նվիրատվությունների և քաղաքական կուսակցության շահերից բխող հարցումների անցկացման հետ։

«Խուզարկուներն ուսումնասիրել են տրամադրված տեղեկությունը և պարզել, որ առկա են հնարավոր իրավախախտումների հետաքննության հիմքեր»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Իրավապահների տվյալներով՝ ենթադրվող խախտումները նման են այն հանգամանքներին, որոնք արդեն հետաքննում է ոստիկանության հատուկ քննչական խումբը՝ նույն կուսակցության նվիրատվությունների առնչությամբ։ Ուստի նոր նյութերը կներառվեն այս հետաքննության մեջ։

Ոստիկանությունը մտադիր է ստանալ Channel 4-ի եթերում ցուցադրված տեսագրությունները և հետաքննության շարունակման ընթացքում համագործակցում է Մեծ Բրիտանիայի Ընտրական հանձնաժողովի և Թագավորական դատախազական ծառայության հետ։