ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն վճարել հինգ հազար դոլարի չափով դիվիդենտներ, եթե Հանրապետական կուսակցությունը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում վերահսկողություն ստանա Կոնգրեսի երկու պալատներում էլ։

«Եթե հանրապետականները հաղթեն ընտրություններում և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ ԱՄՆ Սենատում՝ երկու պալատներում էլ…, ես հինգ հազար դոլարի չափով դիվիդենտներ կվճարեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն», — հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարում։

Նախագահը հավելել է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում ԱՄՆ-ը կդառնա «կոմունիստական երկիր»։ Նա նաև նման սցենարի դեպքում ամերիկացիներին «դժոխք» է խոստացել։

«Եթե մենք պարտվենք, դուք կկորցնեք ձեր սահմանը, կկորցնեք հարկային արտոնությունները, կկորցնեք անվտանգությունը, կկորցնեք ձեր բարեկեցությունը... Դուք դժոխքի միջով կանցնեք՝ ինչպես ընդամենը երկու տարի առաջ։ Մենք դժոխքի միջով անցանք։ Ամբողջ աշխարհը ծիծաղում էր մեզ վրա», – ասել է Թրամփը։