ԱՄՆ-ի Նևադա նահանգում անցկացվող Burning Man փառատոնում մի քանի օրվա ընթացքում մահացել է երեք մասնակից։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով Փերշինգ շրջանի շերիֆ Ջերի Ալենին։
«Երրորդ մարդը մահացել է Նևադա նահանգի Ռինո քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ընթացքում։ Նրա ինքնությունը առայժմ չի հրապարակվում», — ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ փառատոնի տարածքում հայտնաբերել էին 55-ամյա Սեմփսոն Չոմբեին։ Տղամարդուն գտել էին ճամբարի փողոցներից մեկում, ինչից հետո նա մահացել էր ժամանակավոր բժշկական կետում։ Ալենի խոսքով՝ նախնական տվյալներով բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել։
Երկու օր անց, ինչպես պնդում է պարբերականը, իր թրեյլերում մահացած են գտել 60-ամյա Քրեյգ Մանին։ Իշխանությունները նույնպես բռնության նշաններ չեն հայտնաբերել։
Նշվում է, որ բոլոր երեք մահերի պատճառները դեռևս չեն հաստատվել, իսկ դեպքերը միմյանց հետ կապի նշաններ չունեն։
Burning Man փառատոնը Նևադայի անապատում անցկացվել է օգոստոսի 30-ից և ավարտվել է Բլեք Ռոք Սիթիի տաճարի ավանդական այրմամբ։ Շերիֆի խոսքով՝ ամեն տարի միջոցառման ընթացքում սովորաբար արձանագրվում է առնվազն մեկ մահվան դեպք, սակայն այս տարի մահացածների թիվը միջին ցուցանիշից բարձր է եղել։




























