Մեքսիկայի իշխանություններն ավելի քան 2,5 հազար բջջային հեռախոս են առգրավել, որոնք օգտագործվում էին երկրի բանտերում գործող խարդախ զանգերի կենտրոնների կողմից։ Այս մասին հայտնում է «Milenio» պարբերականը։
Թերթի տվյալներով՝ իրավապահները պարզել են 12 բանտ, որոնցից կատարվում էր սպառնալիքներով զանգերի 56%-ը։ Այս պահին այդ հիմնարկներում արդեն արգելափակել են հայտնաբերված կապուղիների մեկ երրորդը։ Տարբեր բանտերում անցկացված հարյուրավոր խուզարկությունների ընթացքում վերցնում են ոչ միայն հեռախոսներ, մոդեմներ ու SIM քարտեր, այլև թմրանյութեր և սառը զենք։ Առգրավված տեխնիկայի քանակով առաջատարը Մորելոս նահանգն է, որտեղ միայն տարվա առաջին կեսին կալանավորներից վերցրել են մոտ 2 հազար հեռախոս։
Անօրինական կապի դեմ պայքարելու համար իշխանությունները համալիր քայլեր են ձեռնարկում։ Բացի Մեխիկոյի բանտերում 3G և 4G ցանցերի արգելափակումից, որը նախատեսվում է 2026 թվականի առաջին եռամսյակում, այնտեղ տեղադրում են տեսախցիկներ, սկաներներ և շարժական ցուցիչներ։ Տամաուլիպաս նահանգում հատուկ ծառայություններն ապամոնտաժել են բջջային կապի աշտարակներից մեկը, իսկ մյուսը վերակարգավորել են, որպեսզի կալանավորներին զրկեն ազդանշանից։ Միևնույն ժամանակ Վերակրուս նահանգում անջատել են ավելի քան 4,6 հազար հեռախոսահամար, քանի որ դրանք օգտագործվում էին շանտաժի նպատակով։
Պաշտոնական տվյալներով՝ քաղաքացիների ահազանգերի շնորհիվ իշխանություններին հաջողվել է կանխել հեռախոսային շանտաժի փորձերի 88%-ը և 24 նահանգում ձերբակալել ավելի քան 1,8 հազար կասկածյալի։ Թերթի փոխանցմամբ՝ կառավարությունը դիտարկում է նաև SIM քարտերի անանուն վաճառքն արգելելու հնարավորությունը։



























