Ճապոնիայում 2025 թվականին գրանցված ինքնասպանությունների թիվը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, սակայն դեռահասների շրջանում այս ցուցանիշն աճում է և հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

«Անցյալ տարի ինքնասպանությունների ընդհանուր թիվը նվազագույնն է եղել դիտարկումների ողջ ընթացքում։ Սակայն տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների շրջանում ցուցանիշը ռեկորդային է», — նշել է նա Ճապոնիայում մեկնարկած ինքնասպանությունների կանխարգելման շաբաթվա առթիվ՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է ծայրահեղ լուրջ մնալ։

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականին երկրում գրանցվել է ինքնասպանության 19188 դեպք․ 1980 թվականից ի վեր, երբ սկսվեց վիճակագրության վարումը, այս ցուցանիշն առաջին անգամ է իջել 20 հազարի շեմից։ Միևնույն ժամանակ, անչափահասների շրջանում ինքնասպանությունների թիվն աճում է երկրորդ տարին անընդմեջ՝ հասնելով 1082-ի։ Դպրոցականներին բաժին է ընկել 538 դեպք, ինչը նույնպես հակառեկորդ է։

Կիհարան հայտնել է, որ իշխանությունները շարունակում են ընդլայնել խորհրդատվության և համալիր աջակցության համակարգը, որը միավորում է հոգեկան առողջության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության աջակցման միջոցառումները։ «Երեխաների և երիտասարդների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման նպատակով ընդլայնվում է սոցցանցերով խորհրդատվությունների տրամադրումը և իրականացվում է ակտիվ աջակցություն՝ օգնության կարիք ունեցողներին վաղ փուլում հայտնաբերելու համար», — պարզաբանել է նա։ Կաբինետի գլխավոր քարտուղարը հավելել է, որ կանխարգելման շաբաթվա շրջանակում ակտիվացվում են իրազեկման աշխատանքները՝ խոստանալով, որ կառավարությունն անելու է ամեն ինչ այնպիսի հասարակություն ձևավորելու համար, «որտեղ ոչ ոք ինքնասպանություն չի գործի»։