Եվրամիությունը դիտարկում է սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակումներ մտցնելու հարցը՝ փորձելով պահպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ թվային ոլորտում ձեռք բերված «փխրուն զինադադարը»։ Այս մասին հայտնում է «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բրյուսելում մտավախություն ունեն, որ հարթակներում երեխաների մուտքը սահմանափակելու ծրագրերը կարող են կրկին լարվածություն առաջացնել Վաշինգտոնի հետ տեխնոլոգիական կարգավորումների շուրջ, նշված է հրապարակման մեջ։ «Մենք հիմար չենք և խուսափում ենք տեխնոլոգիական ոլորտում ավելորդ սադրանքներից», — ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։
FT-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է առաջարկել թվային բոլոր հարթակներից օգտվելու նոր տարիքային շեմ․ արգելք 13 տարեկանից ցածր անձանց համար, ինչպես նաև աստիճանական մուտք ավելի բարձր տարիքի դեռահասների համար և հնարավոր սահմանափակումներ կախվածություն առաջացնող գործառույթներով խաղային հարթակների նկատմամբ։
Ավելի վերջերս ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ սոցցանցերը երեխաներին «ահռելի վնաս են հասցնում, առաջացնում են կախվածություն ու տառապանք»։ Սոցցանցերից օգտվելու համաեվրոպական տարիքային սահմանափակումների հստակ ծրագրերը Եվրահանձնաժողովը մտադիր է հրապարակել սեպտեմբերին։ Նոր կանոնները կարող են պարտավորեցնել թվային հարթակներին թույլ չտալ սահմանված տարիքից ցածր երեխաների հաշիվների ստեղծումը։
Անչափահասների պաշտպանության հարցը համացանցում դարձել է ԵՀ-ում ֆոն դեր Լայենի պաշտոնավարման երկրորդ ժամկետի առանցքային առաջնահերթություններից մեկը։ ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Դանիան և Հունաստանը, արդեն մշակում են երեխաների կողմից սոցցանցերի օգտագործման սեփական սահմանափակումները։ Ավստրալիան աշխարհում առաջինն է մտցրել արգելք 16 տարեկանից ցածր անձանց համար խոշորագույն սոցցանցերում գրանցվելու հարցում։



























