Այս աշնանը զորահավաքի երկրորդ ալիք անցկացնելու իշխանությունների ծրագրերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Այդ լուրը ստահոդ սադրանք է Կիևի նողկալի իշխանության կողմից, որը մարդկային ռեսուրսների ծայրահեղ դեֆիցիտ է ապրում: Իսկ Ռուսաստանի զինված ուժերի կարիքներն ամբողջությամբ բավարարվում են պայմանագրայինների և կամավորների հաշվին: Նրանք Ռուսաստանի իսկական հայրենասերներն են», — «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ նման «տեղեկատվական գրոհների» հիմնական թիրախը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է և իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Ընդ որում, դրանք իրականացվում են Պետդումայի ընտրություններից առաջ՝ «երկիրը ներսից թուլացնելու», «հասարակությունը պառակտելու» և «հատուկ գործողության նպատակներին հասնելուն մեզ խանգարելու համար», ընդգծել է Մեդվեդևը։ «Կեղծ լուրերի և գարշահոտ ֆեյքերի քանակով մենք տեսնում ենք, թե որքան ակտիվորեն են նրանք փորձում օգտագործել այդ հնարավորությունը», — հավելել է նա։ Սրանից առաջ Մեդվեդևն արդեն հերքել էր նոր զորահավաքի մասին տեղեկությունները։ Հուլիսին նա դրանք անվանել էր «ցնդաբանություն» և հայտարարել, որ 2026 թվականի առաջին վեց ամիսներին ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել շուրջ 200 հազար մարդ, ինչը տարեկան կտրվածքով պակասում է 10 հազարով։