Միացյալ Նահանգները փորձում են ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին ստիպել մասնակցել Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) «ոչնչացնելու» Վաշինգտոնի արշավին։ Սեպտեմբերի 9-ին այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների անանուն դիվանագետներին։
«Հուլիսի կեսերին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի 32 դեսպանների փակ հանդիպման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը դաշնակիցներին խնդրել է աջակցել այս միջազգային կառույցի լուծարմանը և կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթ հանդիսացող Հռոմի կանոնադրությունից»,— նշված է հոդվածում։
Ըստ պարբերականի՝ Ուիթաքերը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն «ուշադիր հետևելու է, թե ով է կանգնում Ամերիկայի կողքին»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիան և Նիդերլանդները դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը և պաշտպանել են ՄՔԴ-ին։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի երկրներին նաև փաստաթուղթ է ուղարկել, որտեղ նշվում է, թե «Միացյալ Նահանգները հետևողականորեն աշխատելու են Միջազգային քրեական դատարանը լուծարելու ուղղությամբ»։ Politico-ի տվյալներով՝ փաստաթղթում ԱՄՆ դաշնակիցներին նաև խորհուրդ է տրվում «անհապաղ դուրս գալ» ՄՔԴ-ից։
Սա Թրամփի վարչակազմի առաջին փորձը չէ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Վաշինգտոնի քայլերին միանալ ստիպելու։ ԱՄՆ նախագահը փորձում էր դաշինքի անդամներին ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ, սակայն շատերը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, հրաժարվեցին նույնիսկ իրենց տարածքի ռազմաբազաները տրամադրել ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքի համար, ինչը զայրացրել էր ԱՄՆ նախագահին։




























