Այս պահին ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ, որն առաջացել է կալանքի պատճառով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական դիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ հարցով արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Նրա խոսքով, նախկինում պաշտպանական կողմը փորձում էր հնարավորինս չհրապարակել Գագիկ Խաչատրյանի առողջության վերաբերյալ մանրամասները, սակայն այժմ որոշել է խոսել դրանց մասին, քանի որ, իրենց գնահատմամբ, իրավիճակն արդեն վտանգ է ներկայացնում նրա առողջության և կյանքի համար. «Լռելն այլևս ճիշտ չէ, պետք է բացահայտվի՝ ինչ է տեղի ունենում: Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում կոնկրետ Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը խոշտանգումների արգելքն է, այսինքն՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքը»,–ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց, որ առողջապահության նախարարի հրամաններով անցկացվել է 3 բժշկական կոնսիլիում, ևս 3 դատաբժշկական եզրակացություն է տրվել, դրանցում արձանագրվել է, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, և այն պետք է իրականացվի արտերկրում։

Սարգսյանն կրկին անդրադարձավ նաև ՄՌՏ հետազոտություններին՝ հակադարձելով այն պնդումներին, թե Խաչատրյանը չի անցել դատախազության պահանջած անհրաժեշտ հետազոտությունը։ Նրա խոսքով՝ 2019 թվականից ի վեր քննության կողմի պահանջով Խաչատրյանը մոտ 6–7 ՄՌՏ է անցել, այդ թվում՝ 2020, 2021 և 2025 թվականներին։ Բացի այդ Խաչատրյանը, սեփական նախաձեռնությամբ ևս մոտ 5–6 ՄՌՏ հետազոտություն է անցել։ Փաստաբանի պնդմամբ՝ քննության կողմն ունի այդ բոլոր հետազոտությունների արդյունքները։

Միաժամանակ Սարգսյանը հաստատեց, որ Խաչատրյանը չի անցել 2026 թվականի հուլիսին նշանակված վերջին ՄՌՏ-ն։ Նա դա բացատրեց առողջական ռիսկերով։

«Առողջական վիճակով պայմանավորված՝ Խաչատրյանը ՄՌՏ հետազոտությունն անցնում է դեղորայքային քնեցմամբ կամ անզգայացմամբ, ռիսկ է ստեղծվում։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում քննիչի ներկայությամբ բժշկին հարցեցի՝ կարո՞ղ է երաշխավորել, որ ևս մեկ նման հետազոտությունը չի վատացնի Խաչատրյանի վիճակը, սակայն բժիշկը նման երաշխիք չտեց։ 10-ից ավելի անգամ ՄՌՏ ենք անցել։ Ասացինք՝ ամեն անգամ ձեր ուզածով հետազոտություն ենք անցնում, բայց այլևս չենք ուզում, որ նրա վիճակը վատանա։ Վերցրեք արդեն առկա հետազոտությունները և դրանք հիմք ընդունեք։

«Գիտենք, որ վիրահատության կարիք կա, գիտենք, որ առանց վիրահատության հիվանդությունը չի բուժվում, բայց ամեն անգամ ասում են՝ մի հետազոտություն էլ անցեք։ Մինչև ե՞րբ պետք է նույն բանը ապացուցենք»,– ասաց Սարգսյանը»,– շարունակեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումբը հայտնել էր, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Նրանց խոսքով` Գագիկ Խաչատրյանն ունի նաև շաքարային դիաբետ, ուսահոդի, շագանակագեղձի, սրտի հետ կապված խնդիրներ։

ՊԵԿ նախկին նախագահը կալանավորված է և սեպտեմբերի 2-ից «Երևան կենտրոն» ՔԿՀ–ում է։ Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն՝ նրան մինչ օրս բժիշկ չի այցելել, փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։

Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ: