Ֆրանսիական «TotalEnergies» ընկերությունը հունիսին նավթի նոր հանքավայր է հայտնաբերել Անգոլայի 17-րդ բլոկում։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Արդյունահանումը նախատեսվում է սկսել «Acacia-5» անվանումը ստացած այս հանքավայրի հայտնաբերումից ընդամենը երեք ամիս անց՝ նավթի արդյունահանման, պահպանման և բեռնաթափման «Pazflor» լողացող կայանքի (FPSO) ազատ կարողությունների միջոցով։

Ակնկալվում է, որ այն թույլ կտա բլոկում արդյունահանումն ավելացնել օրական 6 հազար բարելով։

«TotalEnergies»-ը 17-րդ բլոկի օպերատորն է՝ 38% բաժնեմասով։ Եվս 22,16%-ը պատկանում է նորվեգական «Equinor»-ին, 19%-ը՝ ամերիկյան «ExxonMobil»-ին, իսկ 15,84%-ն ու 5%-ը՝ համապատասխանաբար անգոլական «Azule Energy» և «Sonangol E&P» ընկերություններին։

Ֆրանսիական ընկերությունը նաև կոնցեսիոն համաձայնագրեր է ստորագրել Ներքին Կոնգոյի ավազանում գտնվող 17/25 և 32/21 հետախուզական բլոկներում 40% օպերատորական մասնակցության վերաբերյալ։ Նախատեսվում է դրանք կապել մոտակայքում գտնվող և իր կողմից մշակվող 17-րդ և 32-րդ բլոկների ենթակառուցվածքների հետ, որտեղ արդյունահանում են իրականացնում վեց FPSO կայանքներ։

«ExxonMobil»-ը նույնպես տիրապետում է 17/25 և 32/21 բլոկների 40%-ին։ Մնացած 20%-ը պատկանում է «Sonangol E&P»-ին։

«TotalEnergies»-ի գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույ անեն չորեքշաբթի հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին ընկերությունը գործընկերների հետ մտադիր է Անգոլայում ներդնել 10 միլիարդ դոլար։ Ընկերությունը Անգոլայում գործունեություն է ծավալում 1953 թվականից, իսկ աշխատակիցների թիվն այստեղ հասնում է շուրջ 1,5 հազարի։ 2025 թվականին ընկերությունն այդ երկրում արդյունահանել է օրական 156 հազար բարել նավթային համաժեք: