Ոչինչ անհետևանք չի մնում, ամեն ինչ այս կամ այն կերպ նստվածք է թողնում հիշողության մեջ։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահ, քաղաքագետ Դմիտրի Տրենինը՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ։

Նրա բնորոշմամբ՝ դա ձևավորում է հարաբերությունները, հարաբերությունները ձևավորում են մոտեցում, իսկ մոտեցումը փոխակերպվում է կոնկրետ քաղաքական որոշումների։

Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանն այն ուղղությունը չէ, որը կարելի է դասել Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենաառաջնահերթ ուղղությունների շարքին։ «Եվ արձագանքել ինչ‑որ հայտարարությունների, ելույթների, գործողությունների, եթե դրանք ներկա պայմաններում ուղղակի և էական վնաս չեն հասցնում Ռուսաստանին, գուցեև պետք չէ, որպեսզի չշեղվեն գլխավոր խնդիրներից։ Բայց ոչինչ անհետևանք չի մնում»,- ընդգծել է Տրենինը։ Միևնույն ժամանակ քաղաքականագետը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որքան հեռու կգնա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ինձ համար իսկապես հետաքրքիր է հարցը, թե ինչպես է Ադրբեջանը, որը Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո հավակնում է լինել միջին տերություն, ռազմավարական առումով նախատեսում կառուցել իր արտաքին քաղաքականությունը»,- նշել է նա։

Տրենինը կրկնել է, որ դա Ռուսաստանի համար առաջին կարգի հարց չէ, սակայն տարածաշրջանային մակարդակով բավական էական հարց է․ ՌԴ-ում հետևում են, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, և Ռուսաստանի համար դա ոչ անհետաքրքիր է, ոչ էլ՝ անկարևոր։

«Այնտեղ շատ հարցեր կան։ Նրանք 30 տարի պայքարում էին Ադրբեջանի ԽՍՀ սահմանները վերականգնելու համար։ Ահա վերականգնեցին այդ սահմանները։ Իսկ հետո՞։ Ի՞նչ հարաբերություններ են կառուցվելու Թուրքիայի հետ, ի՞նչ հարաբերություններ կունենա Ադրբեջանը ուժի մյուս կենտրոնների հետ»,- պարզաբանել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ այդ ամենն առնչվում է Կասպից տարածաշրջանի իրավիճակին, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, ուր Ադրբեջանն ավելի ու ավելի է ձգտում՝ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։