Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի և նրա «Դեմոկրատներ-66» (D66) կուսակցության սոցիալական ցանցերի հարյուրավոր հրապարակումներ գրվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության և MH17 չվերթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված գրառումները: Այս մասին են վկայում «De Volkskrant» թերթի իրականացրած հետաքննության արդյունքները։

Պարբերականը վերլուծել է 2021 թվականից ի վեր քաղաքական գործչի անձնական էջերում, ինչպես նաև X-ում, Instagram-ում, Facebook-ում և LinkedIn-ում D66-ի հաշիվներում հրապարակված ավելի քան 1,8 հազար եզակի հաղորդագրություն: Թերթի գնահատմամբ՝ առնվազն 232 տեքստ գեներացվել է ԱԲ-ի կողմից. 68-ը՝ Յետենի էջերում, իսկ 164-ը՝ D66-ի ակտիվներում: Տարբեր հարթակներում միևնույն գրառումների կրկնակի տեղադրման հաշվառմամբ՝ նման հաղորդագրությունները հրապարակվել են 434 անգամ։

Ինչպես նշում է թերթը, գեներացված տեքստերը պարբերաբար սկսել են հայտնվել 2025 թվականի հունիսի 4-ից, և դրանց մասնաբաժինը կազմում է այդ օրվանից ի վեր արված հրապարակումների ընդհանուր ծավալի 30%-ը: Դրանք հայտնաբերելու համար պարբերականն օգտագործել է «Pangram» ԱԲ-տեքստերի դետեկտորը՝ ստուգումը լրացնելով լեզվաբանական վերլուծությամբ։ Ներգրավված երեք լեզվաբաններն ի վերջո հուսալի են համարել այդ մեթոդաբանությունը: Մինչև 2022 թվականի նոյեմբերին ChatGPT չաթ-բոտի ի հայտ գալը գրված գրեթե 700 հաղորդագրությունների ստուգիչ վերլուծության ընթացքում դետեկտորը դրանցից և ոչ մեկը չի դասել ԱԲ-ի կողմից ստեղծվածների շարքին։

Հայտնաբերված գեներացված հրապարակումների թվում է Վեստերբորկ համակենտրոնացման ճամբար այցելության մասին Յետենի գրառումը, որում վարչապետը պատմում էր իր տպավորությունների մասին: Թերթը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ զգայուն թեմաներով տեքստերում քաղաքական գործիչը հաճախ խոսում է առաջին դեմքով և ընդգծում սեփական ապրումները։