Թուրքիայի Կենտրոնական բանկը 2026 թվականին յոթերորդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (37% մակարդակում)։ Այս մասին ասված է դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստի արդյունքներով կարգավորող մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

«Կոմիտեն որոշում է կայացրել անփոփոխ թողնել հիմնական՝ մեկշաբաթյա ռեպո աճուրդի տոկոսադրույքը 37% մակարդակում։ Չնայած ամսական տատանումներին՝ ինֆլյացիայի վերաբերյալ վերջին տվյալներն ու կանխանշող ցուցանիշները վկայում են, որ գնաճի հիմնական միտումը նվազում է։ Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված էներգակիրների բարձր գները գնաճի կանխատեսման աճի ռիսկ են ներկայացնում», — նշված է բանկի հայտարարության մեջ։

Այս որոշումը համապատասխանում է տեղացի վերլուծաբանների մեծ մասի սպասումներին։ Տոկոսադրույքը 37% մակարդակում է մնում 2026 թվականի հունվարի 22-ից, ինչը կապում են մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների, այդ թվում՝ գնաճային ճնշման հետ։

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման 2027-2029 թվականների ծրագիրը։ Դրանում վերանայվել են մի շարք հիմնական ցուցանիշներ. մասնավորապես, միանիշ գնաճի ցուցանիշին հասնելը կառավարությունն այս անգամ հետաձգում է մինչև 2029 թվականը։ 2025 թվականի նախորդ միջնաժամկետ ծրագրում նախատեսվում էր մինչև 2027 թվականի վերջը գնաճը նվազեցնել մինչև 9%։ Այժմ այդ ցուցանիշն ակնկալվում է միայն 2029 թվականին։