Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է հատկապես Երեւանի եւ իրանական քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը. «Վստահեցնում եմ, որ Երեւանի եւ Իրանի գործընկեր քաղաքների միջեւ առկա ջերմ բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ապագայում եւս կշարունակվեն եւ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք  էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջեւ հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երեւանի կանաչապատման եւ ծաղկային ձեւավորման աշխատանքներում ԻԻՀ  Թեհրան քաղաքի եւ Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար, դեսպանը նշել է, որ Երեւանն այս տարիների ընթացքում իր եւ իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու ըստ այդմ Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երեւանի եւ իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ: