Մեծ Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը հայտարարել է, որ Իրանը հաղթահարել է պաշտպանական ու հակաօդային գործողությունների փուլը և այժմ հարձակողական գործողությունների շեմին է։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։

Բրիգադային գեներալ Հասան Հասանզադեն ելույթ է ունեցել ԻՀՊԿ «Մոհամմադ Ռասուլուլլահ» դիվիզիայի հատուկ ջոկատայինների զորավարժությունների ժամանակ։ Նա հարգանքի տուրք է մատուցել 12-օրյա, ինչպես նաև «Ռամադանի» պատերազմներում, Հորմուզի ճակատամարտում զոհվածների և 27-րդ դիվիզիայի մարտիկների հիշատակին։

«Մենք հետևում ենք թողել պաշտպանական ու հակաօդային դիմակայության փուլը և այսօր հարձակողական գործողությունների շեմին ենք։ Սա բեկումնային պահ է, որի հետևանքները թշնամիները շուտով կզգան»,- ընդգծել է Հասանզադեն։

Նրա խոսքով՝ այն նույն հակառակորդները, որոնք 12-օրյա պատերազմի սկզբում պնդում էին, թե Իսլամական Հանրապետությունը մի քանի օրից կկործանվի, այժմ ծուղակն են ընկել Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի սահմանափակ տարածքում։ Այնտեղ նրանց դիմակայում են ԻՀՊԿ-ի ռազմածովային ու օդատիեզերական ուժերը, ինչպես նաև Իրանի կանոնավոր բանակը։

Հասանզադեն շեշտել է, որ պատերազմի ելքը միայն զենքով ու տեխնոլոգիաներով չի վճռվում։ Ըստ նրա՝ շատ ավելի կարևոր են հավատը, հաղթանակի հանդեպ վստահությունը և նահատակված զինվորականների օրինակին հետևելը։ Գեներալը նշել է նաև, որ հրթիռային, անօդաչու և ռազմածովային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ Իրանն այսօր ի զորու է ի չիք դարձնել թշնամու ցանկացած ծրագիր։

Հրամանատարը հայտնել է, որ ստեղծվել են հարձակողական հատուկ խմբեր, ստորաբաժանումներ ու դիվիզիաներ՝ նախատեսված կայծակնային և յուրահատուկ գործողությունների համար։ «Այսօր մենք պատրաստ ենք ամենակարճ ժամանակահատվածում հասնել երկրի ցանկացած կետ և ցանկացած պայմաններում ոչնչացնել թշնամուն»,- հավելել է նա։

Խոսելով «Ջանֆադա-յե Իրան» լայնածավալ զորավարժությունների մասին՝ Հասանզադեն նշել է, որ դրանց մոտ 313 հազար մարդ է մասնակցել։ Նա վստահեցրել է, որ սեպտեմբերի 18-ին (իրանական օրացույցով՝ շահրիվարի 27-ին) աշխարհն ականատես կլինի Իրանի ժողովրդի կազմակերպված ու հզոր ներկայությանը։

Հրամանատարի համոզմամբ՝ ԱՄՆ-ն, Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ի վիճակի չեն սեփական հասարակության առաջ պատասխան տալ իրենց արարքների համար։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն այսօր ավելի հզոր են, քան երբևէ, իսկ Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ամբողջությամբ իրանական ժողովրդի ձեռքերում է։

Հասանզադեն Իրանն անվանել է գլոբալ հավասարակշռությունը թելադրող չորս հիմնական ուժերից մեկը՝ խոստանալով, որ սեպտեմբերի 18-ին աշխարհին ի ցույց կդրվի Իսլամական Հանրապետության ողջ հզորությունը։