Նիդեռլանդների հյուսիսային Օլդամբտ համայնքը մերժել է Օստֆոլդ գյուղում Վլադիմիր Լենինի իննամետրանոց արձանը տեղադրելու թույլտվություն տրամադրել։ Բրոնզաձույլ այս հուշարձանը պետք է դառնար Արևելյան Գրոնինգենում կոմունիզմի պատմությանը նվիրված նոր պատմական կենտրոնի մի մասը։ Սակայն իշխանությունները որոշել են, որ դրա տեղադրումը կարող է բազմաթիվ հակասությունների ու բացասական արձագանքների առիթ դառնալ։ Այս մասին հաղորդում է NOS-ը։

Լենինի իննամետրանոց արձանը մինչև 1991 թվականը կանգնեցված էր Գերմանիայի Մերզեբուրգ քաղաքում՝ Լայպցիգից ոչ հեռու։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) փլուզումից հետո սակայն հուշարձանն ապամոնտաժվեց, իսկ 90-ականների վերջին այն գնեց գրոնինգենցի մի գործարար։ Հետագայում նա պարբերաբար արձանը տրամադրում էր տարբեր միջոցառումների համար։

Վերջին շաբաթներին հուշարձանը գտնվում էր Օստֆոլդում, որտեղ ծառայում էր որպես երաժշտաթատերական ներկայացման համար նախատեսված դեկորացիա։ Նախատեսվում էր, որ ներկայացումից հետո Լենինի արձանը կմնա գյուղում և կդառնա նոր պատմական կենտրոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը։

Սակայն այս ծրագրերը քննադատության ալիք բարձրացրին սկզբում սոցիալական ցանցերում, այնուհետև՝ տեղական քաղաքական շրջանակներում։ «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» (CDA) կուսակցության ներկայացուցիչները հուշարձանի տեղադրման առնչությամբ հարցումներ են հղել համայնքապետարան։

Օլդամբտի իշխանությունները հաստատել են, որ թույլտվություն չեն տալու։ Համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ արձանը կարող է հասարակական պառակտման և բազմաթիվ բացասական արձագանքների պատճառ դառնալ։ Բացի այդ, իշխանությունները գտնում են, որ իննամետրանոց կառույցը չափազանց մեծ է։ Թեև ծրագրի նախաձեռնողներն իրավունք ունեն բողոքարկելու այս որոշումը։

Պատմական կենտրոնի հիմնադիր Հենրիետե Դավելաարը հայտարարել է, որ համայնքապետարանի որոշումն իր համար անսպասելի էր։ Նա պարզաբանել է, որ արձանի նպատակը բնավ Լենինին փառաբանելը չէր։ Նախատեսվում էր հուշարձանի կողքին տեղադրել տեղեկատվական վահանակ, որը կներկայացներ դրա պատմական համատեքստն ու առողջ քննարկումների առիթ կդառնար։

«Լենինն անքակտելիորեն կապված է Օլդամբտի պատմությանը»,- ընդգծել է Դավելաարը։

19-րդ դարում Արևելյան Գրոնինգենն աչքի էր ընկնում խորը սոցիալական անհավասարությամբ. հարուստ հողատերերի և չքավոր գյուղատնտեսական բանվորների միջև վիհը հսկայական էր։ Աշխատանքային բախումները հաճախ էին վերածվում ապստամբությունների։ Ավելի ուշ՝ Ռուսաստանից ներթափանցած կոմունիստական գաղափարներն այս տարածաշրջանում լայն աջակցություն գտան։

Դավելաարն ընդունում է, որ Լենինի գործունեությունն աղերսվում է ծանր պատմական իրադարձությունների հետ, սակայն համոզված է, որ դա հիմք չէ նրան հանրային տարածքից վտարելու համար։ Ըստ նրա՝ հուշարձանի միջոցով հնարավոր կլիներ լուսաբանել տարածաշրջանի բարդ անցյալը, այլ ոչ թե լռության մատնել այն։

Համայնքապետարանի մերժումից հետո Դավելաարը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Նա արձանի ճակատագիրն ուղղակիորեն կապում է ամբողջ պատմական կենտրոնի ապագայի հետ։ Հիմնադրի խոսքով՝ առանց իննամետրանոց Լենինի՝ տարիներ շարունակ մշակվող նախագիծը կարող է պարզապես տապալվել։

Քաղաքական կուսակցությունները հուշարձանի տեղադրման հարցը կքննարկեն հոկտեմբերի 7-ին կայանալիք համայնքային ավագանու նիստում։ Այնուամենայնիվ, թույլտվություն տալու վերջնական որոշումը կայացնելու է համայնքապետարանի գործադիր մարմինը։