Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 18-ին, մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Շնորհավորելով բոլորին այս հիշարժան տոնի կապակցությամբ` Բակո Սահակյանը նշել է, որ Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը եւ անմիջական կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ, ինչն ուներ մեծ ռազմավարական նշանակություն: Նախագահի խոսքով` Քաշաթաղի շրջանի շենացումը գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Այստեղ իրականացվում են բազմաթիվ կարեւոր ծրագրեր` ուղղված շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը եւ տարածքների համաչափ զարգացմանը:
Բակո Սահակյանը եղել է «Սյունիք-3» ՀԷԿ-ի շինհարթակում եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Նախագահը ներկա է գտնվել նաեւ «Սյունիք-2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը:
Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է Բերձոր քաղաքում նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:
Միջոցառումներին մասնակցել են Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից:



























