Ալժիրը հինգշաբթի հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նշելով, որ սպառել է երկկողմ կապերը պահպանելու բոլոր հնարավորությունները, հաղորդում է Ալժիրի պետական լրատվական գործակալությունը։

Երկրի իշխանությունները որոշումը բացատրել են ԱՄԷ-ի կողմից «ավելի ու ավելի սադրիչ կամ թշնամական գործողություններով»։ Ալժիրում հայտարարել են, որ երկար ժամանակ փորձել են էմիրաթյան կողմին նախազգուշացնել նրա վարքագծի հնարավոր հետևանքների մասին։

«Չնայած բազմակի նախազգուշացումներին՝ Արաբական Միացյալ Էմիրությունները շարունակել է այդ գործողությունները, որոնք հասել են այնպիսի աստիճանի, որ այլևս չէին կարող ընդունելի համարվել երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունների շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ալժիրի իշխանություններն ընդգծել են, որ արել են հնարավոր ամեն ինչ՝ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար, սակայն, նրանց գնահատմամբ, Աբու Դաբիի գործողություններն անհնար են դարձրել հետագա համագործակցությունը։

Դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման շրջանակում Ալժիրը երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին 48 ժամ է տրամադրել համապատասխան պահանջը կատարելու և դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու համար։

Ալժիրյան կողմի հայտարարության մեջ չի հստակեցվում, թե Արաբական Միացյալ Էմիրությունների կոնկրետ որ գործողություններն են դարձել հարաբերությունների խզման անմիջական պատճառը։