Եթե փորձագետին հրավիրել եք, թող փորձագետը հարցերին պատասխանի, եթե մենք՝ հարց տվողներս անկոռեկտ հարց ենք տալիս, ինքը կարող է ասի՝ հարգարժան փաստաբան կամ մեղադրյալ ձեր հարցը կոռեկտ չի, մեղադրողները ոնց որ բզբզում են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, Բագրատ Սրբազանի և մյուսների գործվ դատական նիստի ժամանակ նշեց գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը։

«Կոռեկտությունից պիտի խոսի այն մարդը, որ կոռեկտ է պահու իրեն, օրենքից խոսա այն մարդը, որ օրենքով է պահում։ Մարդուն հարց ենք տալիս, մի միջամտեք, թող այդ մարդը հարցին պատասխանի։ Երբ որ անկոռեկտ կլինի, մարդը թող ասի, կարող է մարդը ասի՝ ներողություն, սխալ եմ ասել։

10 րոպեում երեք անգամ որակում տվեցիք, որ անկոռեկտ է։ Մենք էլ շատ որակումներ կարող ենք տանք, կարող ենք, օրինակ, որակում տանք, որ այն օրվա կալանքի նիստի ժամանակ Հովհաննիսյանը դուրս եկավ, ասեց՝ Արթուր Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել։ Հիմա կարո՞ղ էի դուրս գայի ասեի՝ կներես բայց սուտ ես խոսում։ Այստեղ անկոռեկտ մարդ չկա, անկոռեկտ հարց տվող էլ չկա»,–ասաց նա։

Դատավոր Ֆարխոյանը պարզաբանեց. «Եթե հարցը վերաբերելի չի սույն փորձաքննությանը, այսինքն նախաքննական մարմնի կողմից նման հարցադրում առաջադրված չի եղել փորձագետին, դուք այդ փորձաքննության եզրակացության հարցերից դուրս հարցեր եք ուղղում փորձագետին, հետևաբար այդ հարցերը հանվում են։ Եթե երրորդ անգամ նույն հարցը ուղղում եք փորձագետին, կարելի է համարել, որ կոռեկտ չի»։