Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը շարունակում է ստուգել, թե արդյոք ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ավագ որդի ունի, սակայն դեռևս նրա դստերը՝ Կիմ Չժու Էին, համարում է հավանական ժառանգորդ։ Դրա մասին հինգշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը (NIS), հաղորդում է Associated Press-ը։

Հետախուզության հայտարարությունը հաջորդել է լրատվամիջոցների հաղորդումներին, ըստ որոնց՝ հարավկորեական հատուկ ծառայությունները, իբր, պարզել են, որ Կիմ Չեն Ընը և նրա կինը՝ Լի Սոլ Չժուն, որդի չունեն։ NIS-ում ընդգծել են, որ նույնիսկ եթե հյուսիսկորեական առաջնորդը որդի ունի, ներկայում նա չի դիտարկվում որպես իշխանության ժառանգման հավակնորդ։

Կիմ Չժու Էն, որը, առկա տվյալներով, մոտ 13 տարեկան է, ավելի վաղ հարավկորեական հետախուզությունն արդեն անվանել էր իր հոր ամենահավանական ժառանգորդը։ Միևնույն ժամանակ NIS-ը շարունակում է ստուգել աղջկա պոտենցիալ ավագ եղբոր մասին տեղեկությունը։ Հաղորդվում է նաև, որ Կիմ Չեն Ընն ունի ավելի փոքր երեխա, սակայն նրա սեռը դեռ չի հաստատվել։

Կիմ Չժու Էն 2022 թվականի վերջից պարբերաբար հայտնվում է հոր կողքին՝ ամենակարևոր պետական միջոցառումներին։ Նա, մասնավորապես, ներկա է եղել հրթիռների արձակումներին և խոշոր ռազմական շքերթներին։ ԿԺԴՀ պետական լրատվամիջոցները նրան անվանում են երկրի առաջնորդի ամենամոտ և ամենահարգված երեխաներից մեկը, իսկ Կիմ Չեն Ընի հետ նրա համատեղ միջոցառումների մասին հրապարակումներն ընդգծում են նրա աճող քաղաքական կարգավիճակը։

Կիմ Չժու Էի անունը հայտնի դարձավ NBA-ի նախկին խաղացող Դենիս Ռոդմանի շնորհիվ։ 2013 թվականին Փհենյան կատարած այցից հետո նա պատմել էր, որ գրկել է Կիմ Չեն Ընի փոքրիկ դստերը։

Հյուսիսկորեական առաջնորդի ավագ որդու առկայության հարցը կարևոր է իշխանության փոխանցման հնարավոր սցենարը գնահատելու համար։ 1948 թվականին ԿԺԴՀ հիմնադրումից ի վեր երկիրը ղեկավարել են Կիմների ընտանիքի երեք ներկայացուցիչներ՝ Կիմ Իր Սենը, Կիմ Չեն Իրը և Կիմ Չեն Ընը, և նրանք բոլորը տղամարդիկ են եղել։ Որոշ փորձագետներ կասկածում են, որ հյուսիսկորեական էլիտայի ավագ սերնդի ներկայացուցիչները պատրաստ կլինեն ենթարկվել կնոջը։

Մյուս մասնագետները նշում են, որ 42-ամյա Կիմ Չեն Ընի համար գուցե դեռ վաղ է պաշտոնապես որոշել ժառանգորդին․ նման քայլը կարող է թուլացնել նրա բացարձակ իշխանությունը։