Իսպանիայի Ազգային հետախուզական ծառայությունը (CNI) բազմիցս նախազգուշացրել էր իշխանություններին հուլիսի վերջին Մարոկկոյից ներգաղթյալների կողմից իսպանական Սեուտա անկլավ ներթափանցելու հնարավոր զանգվածային փորձի մասին։ Դրա մասին են վկայում 40 գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք Իսպանիայի կառավարությունը հրապարակել է չորեքշաբթի, հայտնում է CBS News-ը։

Հրապարակված փաթեթում ներառվել են նախազգուշացումներ, հետախուզական զեկույցներ, սխեմաներ և մի քանի իրավապահ ու հետախուզական գերատեսչությունների միջև գրագրություն։ Դրանց բովանդակությունը կասկածի տակ է դնում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունները այն մասին, թե որքան վաղօրոք էին իշխանությունները տեղեկացված պատրաստվող ճգնաժամի մասին։

Հուլիսի 29-ին՝ ներգաղթյալների զանգվածային հոսքից մեկ օր առաջ, CNI-ն WhatsApp-ի միջոցով նախազգուշացում է ուղարկել Սեուտայում իսպանական կառավարության պատվիրակությանը։ Այնտեղ խոսվում էր սոցիալական ցանցերում տարածվող կոչերի մասին՝ «վաղը 20:00-ին գրոհել ցանկապատը և ծովով հասնել քաղաք»։ Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ համապատասխան խմբերն ընդհանուր մոտ 180 հազար բաժանորդ ունեին։

Նույն օրը իսպանական հետախուզությունը նմանատիպ նախազգուշացում է ուղարկել նաև մարոկկացի գործընկերներին։ Զեկույցում նշվում էր ներգաղթյալների՝ հուլիսի 30-ին Սեուտա հասնելու ծրագրերի մասին՝ հաղթահարելով սահմանային ցանկապատը կամ լողալով այն շրջանցելով։ Ենթադրվում էր, որ նրանք կարող էին օգտվել Մարոկկոյում հուլիսի 30-ին նշվող Գահի օրվանից։

Նմանատիպ նախազգուշացումներ CNI-ն ուղարկել է նաև Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային՝ տեղեկացնելով Facebook-ի և WhatsApp-ի մի քանի խմբերի մասին, որոնց մասնակիցները կոչ էին անում անկլավ զանգվածային ներթափանցման փորձերի։

Հուլիսի 30-ին սահմանը զանգվածաբար անցնելու սկսվելուց հետո Իսպանիայի պաշտպանության նախարարության հետախուզական զեկույցը պարունակում էր գնահատական, ըստ որի՝ մարոկկյան ուժերն անգործություն էին ցուցաբերում և պատշաճ կերպով չէին խոչընդոտում ներգաղթյալների առաջխաղացմանը։ Փաստաթղթում նաև չէր բացառվում, որ Մարոկկոն օգտագործում է Սեուտայում ստեղծված իրավիճակը իր ռազմավարական շահերը առաջ մղելու համար։

Չորեքշաբթի Սանչեսը մերժել է այն պնդումները, ըստ որոնց հրապարակված փաստաթղթերը վկայում են, թե իշխանությունները տեղեկություն ունեին նման մասշտաբի ճգնաժամի մասին։ Ըստ նրա՝ սոցիալական ցանցերում իրականացվող արշավը հայտնի էր և վերահսկվում էր, սակայն չէր մատնանշում հետագա իրադարձությունների մասշտաբը, բնույթը կամ հավանականությունը։

Հուլիսի 30–31-ի ներգաղթյալների զանգվածային հոսքը Իսպանիայում լայնածավալ բողոքներ և քննադատություն է առաջացրել Սանչեսի կառավարության հասցեին։ Մի քանի շաբաթ անց Սեուտայում հումանիտար ճգնաժամը շարունակում է պահպանվել. կենտրոնական իշխանությունների տվյալներով՝ քաղաքում մնում է մոտ 5 հազար ներգաղթյալ, մինչդեռ տեղական իշխանությունները նրանց թիվը գնահատում են 10 հազար։ Նրանց թվում կան նաև անչափահասներ՝ առանց մեծահասակների ուղեկցության։ Շատերն ապրում են ժամանակավոր ճամբարներում, փողոցներում և լողափերում։

Սանչեսը ավելի վաղ խոստացել էր հրապարակել այն փաստաթղթերը, որոնք առնչվում են Սեուտայի պատմության մեջ ամենամահաբեր զանգվածային սահմանահատմանը։ Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակ ավելի քան 140 ներգաղթյալ էր զոհվել։