Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին՝ քաղաքի նավահանգստի վերևում երկնքում 2977 լուսարձակող դրոնների օգնությամբ վերարտադրելով Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների ուրվագծերը։ Շոուն անցկացվել է չորեքշաբթի երեկոյան՝ ահաբեկչությունների 25-րդ տարելիցի նախօրեին, հայտնում է The Telegraph-ը։

Յուրաքանչյուր դրոն խորհրդանշել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևանքով զոհված 2 977 մարդկանցից մեկին։ Անօդաչու սարքերը նախ Հադսոն գետի վերևում երկնքում կազմել են շարժվող լուսային կոմպոզիցիա, ապա շարվել են երկվորյակ աշտարակների ուրվագծերով։

Հուշ-ակցիան ստացել է 2977 Lights Over New York Harbor անվանումը։ Դրա կազմակերպիչները շոուն պատրաստել են ահաբեկչություններից փրկվածների, զոհվածների հարազատների և փրկարարական աշխատանքներին մասնակցած արտակարգ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ։

Նախագծի պատրաստմանը մասնակցել են Նյու Յորքի հրշեջ վարչության նախկին աշխատակից և ահաբեկչություններից հետո փրկարարական աշխատանքների մասնակից Բրենդա Բերգմանը, 9/11 Families United կազմակերպության նախագահ Թերի Ստրադան, ինչպես նաև զոհվածների հարազատներ Թոմա Ստրադայի և Սթիվեն Սիլլերի ընտանիքների անդամները։

Շոուն դարձել է Նյու Յորքում ամենամյա հիշատակի միջոցառումների մի մասը, որոնց շարքում է նաև Tribute in Light գեղարվեստական ինստալյացիան։ Այն իրենից ներկայացնում է 88 ուղղահայաց լուսարձակ, որոնք տեղադրված են երկու սյունաշարով՝ ի հիշատակ Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների։ Ինստալյացիան առաջին անգամ հայտնվել է 2002 թվականին որպես ժամանակավոր ակցիա, սակայն հետագայում դարձել է ամենամյա։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» 19 ահաբեկիչներ առևանգել էին չորս ուղևորատար ինքնաթիռ։ Դրանցից երկուսը նրանք ուղղել էին Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա, երրորդը՝ Պենտագոնի շենքի վրա։ Չորրորդ ինքնաթիռը կործանվել էր Փենսիլվանիայում այն բանից հետո, երբ ուղևորները փորձել էին ստանձնել կառավարումը։

Նյու Յորքում այս տարվա հիշատակի միջոցառումները կանցկացվեն քաղաքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի մասնակցության շուրջ վեճերի հետնապատկերին։ Նա պետք է ներկա լինի ուրբաթ օրվա արարողությանը և դարձել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած առաջին մահմեդականը։

Ահաբեկչությունների որոշ զոհերի հարազատներ և հանրապետականներ Մամդանիին կոչ են արել հրաժարվել միջոցառմանը մասնակցելուց։ Քննադատությունը, մասնավորապես, կապված է Ռամզի Քասեմին քաղաքի գլխավոր իրավախորհրդատու նշանակելու հետ։ Քասեմն ավելի վաղ ներկայացրել էր «Ալ-Քաիդայի» դատապարտված անդամի շահերը, որի փեսան մասնակցել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նախապատրաստմանը։

Ինքը՝ Մամդանին, հայտարարել է, որ հիշատակի միջոցառումների ընթացքում պետք է կենտրոնանալ զոհվածների ընտանիքների և փրկարարների վրա, որոնք Նյու Յորքին «տվել են ամեն ինչ, ինչ կարող էին»։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի Մանհեթենում անցկացելիք արարողությանը։ Նա ահաբեկչությունների տարելիցը կնշի Պենտագոնում, իսկ Նյու Յորքում Սպիտակ տունը կներկայացնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։