Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Դավիթ-Գարեջի վանական համալիրի շուրջ իրավիճակի քննարկումը անվանել է «պատվերով հակապետական արշավ» և չի բացառել դրա կազմակերպիչների դեմ քրեական գործերի հարուցումը, հայտնում է Georgia Online-ը։

«Գարեջիի հետ կապված արշավը և մյուս արշավները, որոնք նրանք վարում են մութ լրատվամիջոցների միջոցով, ունեն միայն մեկ գնահատական՝ դրանք հակապետական գործողություններ են, որոնց պետք է հետևի համապատասխան արձագանք»,- լրագրողներին Փարիզում անցկացված միջազգային տիեզերական գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Կոբախիձեն։

Վարչապետը չցանկացավ նշել արշավի ենթադրյալ պատվիրատուներին՝ նշելով, որ չունի կոնկրետ ապացույցներ։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ակնհայտ է համարում դրա քաղաքական բաղադրիչը։

Ըստ Կոբախիձեի՝ արշավի մասնակիցները հետագայում Դավիթ-Գարեջիի թեման օգտագործել են քաղաքական շահարկումների համար։ Նա չի բացառել նաև, որ իրավիճակը կարող է իրավական գնահատական ստանալ։

Վարչապետի հայտարարությունը հնչել է իր նախորդ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ շարունակվող դիմակայության ֆոնին, որն ազատազրկվել է կոռուպցիոն հանցագործության համար։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին կասկածի տակ էր դրել իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի ինքնասպանության պաշտոնական վարկածը։ Մահից քիչ առաջ վերջինս մեղադրանքներով էր հանդես եկել Կոբախիձեի հասցեին։

«Ասավալ-դասավալի»-ին տված հարցազրույցում Ջորբենաձեն պնդել էր, թե անձամբ տեսել է գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ Կոբախիձեն 2025 թվականին Ադրբեջանի հետ համաձայնագիր է ստորագրել Դավիթ-Գարեջիի տարածքի մի մասը Բաքվին փոխանցելու մասին։ Սակայն նման փաստաթղթի գոյության որևէ հրապարակային ապացույց չէր ներկայացվել։

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ջորբենաձեի ինքնասպանության վարկածը հաստատվում է նրա հարազատների և կնոջ ցուցմունքներով։ Հետաքննության շրջանակում քննիչները հարցաքննել են Ղարիբաշվիլիին, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների և փորձագետների, որոնք հրապարակայնորեն խոսել էին իրավապաշտպանի մահվան հանգամանքների մասին։