Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ իրանական հետախուզական ծառայությանն աջակցելու կասկածանքով, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության տվյալներին։
Կասկածյալները 42-ամյա կին և 60-ամյա տղամարդ են։ Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները նրանց ձերբակալել են բրիտանական մայրաքաղաքում գտնվող հասցեներում՝ 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի (National Security Act, NSA) հնարավոր խախտումների քննության շրջանակում։
Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են օրենքի 3-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելու համար։
Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, ոստիկանությունը խուզարկություններ էր անցկացրել Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քանի հասցեներում։ Այդ շրջանում ևս մեկ օբյեկտ խուզարկվել էր սեպտեմբերի 9-ին։
Ձերբակալությունից հետո կասկածյալներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։ Հետագայում նրանց գրավի դիմաց ազատ են արձակել՝ մինչև հոկտեմբերի վերջ խիստ պայմանների պահպանմամբ։
Ոստիկանությունում ընդգծել են, որ հետաքննությունը կապ չունի այս տարվա սկզբին Լոնդոնում տեղի ունեցած այն միջադեպերի և հարձակումների հետ, որոնք ուղղված էին հրեական և իրանական համայնքներին առնչվող օբյեկտների ու հաստատությունների դեմ։
Լոնդոնի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար Հելեն Ֆլանագանը հայտարարել է, որ ձերբակալությունները կարող են անհանգստություն առաջացնել բնակիչների շրջանում, սակայն ներկայում ոստիկանությունում չեն կարծում, թե հետաքննությանն առնչվող լայն հանրության համար անմիջական սպառնալիք կա։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք նկատում ենք մեր աշխատանքի ծավալների զգալի աճ, որը կապված է ազգային անվտանգության և այլ պետությունների կողմից եկող սպառնալիքների հետ։ Հետաքննությունն այդ աշխատանքի շարունակությունն է»,- ասել է Ֆլանագանը։
Նա հավելել է, որ ոստիկանությունը չի հետաձգի գործողությունները, եթե կասկածի այնպիսի ակտիվություն, որը կարող է սպառնալ Մեծ Բրիտանիայի կամ բնակչության անվտանգությանը։
Ֆլանագանը հիշեցրել է նաև, որ երկրում ահաբեկչական սպառնալիքի ընդհանուր մակարդակը մնում է «լուրջ», և բնակիչներին կոչ է արել պահպանել զգոնությունն ու կասկածելի հանգամանքների մասին հայտնել ոստիկանությանը։



























