Իսրայելի վարչապետի կնոջ՝ Սառա Նեթանյահուի դեմ զրպարտության և վնասի հատուցման պահանջով 2,55 միլիոն շեկել (843 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ հայց է ներկայացրել ձախ «Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Յաիր Գոլանը, հաղորդում է The Times of Israel-ը։
Պատճառ են դարձել վարչապետի կնոջ հայտարարությունները, որոնք, ըստ Գոլանի, առանց ապացույցների այնպիսի տպավորություն էին ստեղծում, թե ինքը նախապես գիտեր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նախապատրաստած հարձակման մասին։
Գոլանը լայն ճանաչում է ստացել հարձակման օրը իր գործողությունների շնորհիվ․ առավոտյան մոտ ժամը 8-ին նա ինքնուրույն մեկնել է Իսրայելի հարավ և հասել Nova երաժշտական փառատոնի զանգվածային սպանության վայր, որտեղ մասնակցել է մարդկանց փրկելուն։
Օգոստոսի 31-ին հեռարձակված հարցազրույցում կառավարության վերահսկողության տակ գտնվող 14-րդ ալիքին Սառա Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանը «շատ, շատ վաղ էր հագնված և պատրաստ», այն ժամանակ, երբ մյուսները, նրանց թվում՝ վարչապետը, իբր դեռ չգիտեին կատարվողի մասին։ Նրա խոսքերը հնչել են այն քննարկման համատեքստում, որ Գոլանը, լինելով բարձրաստիճան զինվորական, դեռ վաղ առավոտից գտնվել է հարձակման գոտում։ Նա միաժամանակ կասկածի տակ է դրել հարձակման ընթացքում իր գործողությունների մասին նրա հայտարարությունները։
Հարցազրույցից հետո Գոլանը Սառա Նեթանյահուին նամակ է ուղարկել՝ պահանջելով հետ վերցնել հայտարարությունները, ներողություն խնդրել և զգալի նվիրատվություն անել Nova փառատոնի վրա հարձակումից փրկվածների օգտին։ Գոլանի տվյալներով՝ նա այդ պահանջները չի կատարել և դրա փոխարեն սպառնացել է 1 միլիոն շեկելի (330 հազար ԱՄՆ դոլար) հանդիպակաց հայց ներկայացնել։
Իր հայցում Գոլանը նաև մեղադրել է Սառա Նեթանյահուին այնպիսի հայտարարություններ տարածելու մեջ, որոնք կարող էին սպառնալիքներ հրահրել իր հասցեին։ «Դեմոկրատներ» կուսակցությունը հայտնել է, որ հարցազրույցից հետո հետախուզական ծառայությունները ֆիքսել են քաղաքական գործչի նկատմամբ կոնկրետ սպառնալիքներ, իսկ համացանցում նրա դեմ բռնության կոչերի ծավալն աճել է 450 տոկոսով։
«Այս հայցը վերաբերում է ոչ միայն իմ բարի անունին կամ նրան, ինչ ես արել եմ հոկտեմբերի 7-ին։ Սա ամբողջ մի քաղաքական ճամբարի քաղաքացիական մեղադրանքն է այն կառավարության դեմ, որը կորցրել է բոլոր սահմանները»,- հայտարարել է Գոլանը։
Նա նաև մեղադրել է վարչապետին և նրա ընտանիքին՝ ՀԱՄԱՍ-ի հարձակմանն առնչվող ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելու և «պատմությունը վերաշարադրելու» փորձի մեջ՝ հարձակման ժամանակ ուրիշներին փրկելու մեկնած մարդկանց ներկայացնելով որպես դավաճաններ։
Վերջերս ոստիկանությունը բարձրացրել է Գոլանի նկատմամբ սպառնալիքի մակարդակը, սակայն, նրա կուսակցության տվյալներով, պետական պահպանություն նրան դեռ չի տրամադրվել։
Սառա Նեթանյահուի հայտարարությունները դարձել են ավելի լայն քննարկման մի մասը , թե ինչ էր հայտնի իսրայելական իշխանություններին մինչև հոկտեմբերի 7-ի հարձակումը։ Հարցազրույցից հաջորդ օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բարձրաստիճան զինվորականներն ու պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները, իբր, միտումնավոր չեն արթնացրել իրեն հարձակման սկսվելուց մի քանի ժամ առաջ՝ չնայած նախապատրաստվող հարձակման նշաններին։ Ավելի ուշ նա ճշտել է, որ ուժային կառույցների ղեկավարներին «դավաճանության» մեջ չի մեղադրում, այլ խոսում է միայն «ձախողման» մասին։
12-րդ ալիքի տվյալներով՝ առավոտյան 6:29-ին հարձակման սկսվելու մասին հաղորդագրություն ստանալուց հետո Նեթանյահուին առնվազն երկու ժամ է պահանջվել Կեսարիայում գտնվող տնից դուրս գալու և Թել Ավիվում գտնվող ՑԱԽԱԼ-ի շտաբ ուղևորվելու համար։ Ըստ վարչապետի հրապարակված ժամանակացույցի՝ Գազայի հատվածի հետ սահմանը փակելու և բանակի լիակատար մոբիլիզացիայի հրամանը տրվել է տեղական ժամանակով 09:55-ին։


























