Նորվեգիայում կառավարությունն առաջարկել է ստեղծել ինքնասպանությունների մշտական ազգային գրանցամատյան, որը պետք է օգնի բարելավել դրանց կանխարգելման միջոցառումները, հայտնում է Regjeringen.no պարբերականը։

Իշխանությունները հանրային քննարկման են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է ինքնասպանությունների գործող հաշվառման համակարգը վերափոխել մշտական գրանցամատյանի։

«Նորվեգիայում չափազանց շատ մարդիկ են ինքնասպանություն գործում, և յուրաքանչյուր նման դեպքի հետևում կանգնած են մարդը, նրա ճակատագիրը, ընտանիքն ու մտերիմները։ Մենք դրան վերաբերվում ենք ամենայն լրջությամբ։ Ինքնասպանությունների կանխարգելման միջոցառումները պետք է հիմնվեն հնարավորինս ամբողջական տեղեկատվության վրա, ուստի մեզ մշտական ազգային գրանցամատյան է անհրաժեշտ»,- հայտարարել է Նորվեգիայի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Յան Քրիստիան Վեստրեն։

Հոգեբուժական ծառայությունում և թմրաբանական մասնագիտացված օգնության ոլորտում ինքնասպանությունների գործող հաշվառման համակարգը գործարկվել է 2019 թվականին Օսլոյի համալսարանին առընթեր Ինքնասպանությունների հետազոտության և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։ Այն հավաքում է տեղեկություններ այն բուժառուների հիմնական բնութագրերի մասին, որոնք հետագայում ինքնասպանություն են գործել, նրանց տեղը բժշկական օգնության համակարգում և ստացած բուժումը։

Նորվեգիայի իշխանությունների տվյալներով՝ տարեկան բոլոր ինքնասպանությունների մոտ կեսը կատարում են մարդիկ, որոնք նախորդ 12 ամիսների ընթացքում կապ են ունեցել հոգեբուժական կամ մասնագիտացված թմրաբանական ծառայության հետ։

Ներկայիս համակարգի աշխատանքի համար պահանջվում է հատուկ թույլտվություն բուժառուների վերաբերյալ տվյալների մշակման համար, քանի որ դրանք պաշտպանված են բժշկական գաղտնիքով։ Գործող թույլտվության ժամկետը լրանում է 2027 թվականի դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվելու։ Այդ պատճառով կառավարությունն առաջարկում է համակարգը մշտական հիմունքներով ամրագրել որպես որակի գրանցամատյան՝ Մահվան պատճառների ազգային գրանցամատյանի կազմում։ Դրա համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որոնք էլ ներկայացվել են հանրային քննարկման։

Ըստ Վեստրեի՝ մշտական գրանցամատյանը հնարավորություն կընձեռի շարունակել տվյալների հավաքագրումն ու ինքնասպանությունների պատճառների հետազոտությունը, ինչը պետք է օգնի ավելի արդյունավետ կանխարգելել դրանք։ Այն նաև կդառնա Նորվեգիայի ինքնասպանությունների կանխարգելման նոր ազգային ծրագրի մի մասը, որը կառավարությունը մտադիր է ներկայացնել հաջորդ տարվա սկզբին։

Հեռանկարում իշխանությունները նախատեսում են ընդլայնել համակարգը և դրանում ներառել տվյալներ այն մարդկանց մասին, որոնք օգնություն են ստացել միայն սոմատիկ մասնագիտացված բժշկական հաստատություններում կամ համայնքային առողջապահական և սոցիալական ապահովության ծառայություններում։