Իրանի պաշտպանական արդյունաբերությունը չի կարող ոչնչացվել, քանի որ հիմնվում է իրանական երիտասարդության սեփական մշակումների, գիտելիքների և հնարավորությունների վրա, չորեքշաբթի հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի աջակցման գերատեսչությունը, հաղորդում է Mehr-ը։
«Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հայրենական ճյուղ է, որը խորապես արմատավորված է և ձևավորվել է այս երկրի երիտասարդության գիտելիքներից ու հնարավորություններից. այն անհնար է ոչնչացնել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Իրանի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ պաշտպանական արդյունաբերությունը շարունակում է զարգանալ և, ի հեճուկս հնարավոր արտաքին սպառնալիքներին, դառնում է նախկինից «ավելի կայուն, ավելի կենսունակ, ավելի խելացի և ավելի առաջադեմ»։
«Շուտով դուք կտեսնեք այս այսբերգի միայն մի մասը»,- հայտարարել են գերատեսչությունում՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ մշակումների կամ ռազմական հնարավորությունների մասին է խոսքը։
Իրանի պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ կոնկրետ սպառազինության համակարգերի, արտադրական ծրագրերի կամ նոր ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ չի ներկայացրել։
Հայտարարությունը հնչել է Իրանի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող դիմակայության և նրանց՝ իրանական ռազմական ու միջուկային ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելու սպառնալիքների հետնապատկերին։



























