Հայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ-ի քրիստոնյա առաջնորդներից, պաշտոնյաներից, միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններից, արտաքին քաղաքականության ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներից, գործարար ոլորտի ղեկավարներից և ազդեցիկ հասարակական գործիչներից։
Պատվիրակությունը ժամանում է Հայաստան մի շրջանում, երբ խաղաղության գործընթացը դիվանագիտական հարթակից անցում է կատարում գործնական իրականացման փուլին։ Պատվիրակության ներկայացուցիչներն այցի շրջանակում ուշադրության կենտրոնում են պահելու Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը, Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև հայկական քրիստոնեական և մշակութային ժառանգության պահպանությունը։
«Խաղաղությունը պետք է չափվի ոչ միայն փաստաթղթերով և դիվանագիտական արարողակարգերով։ Այն պետք է արտահայտվի անվտանգության ապահովմամբ, ինքնիշխանության նկատմամբ հարգանքով, մարդկային արժանապատվության պաշտպանությամբ, ինչպես նաև ժողովրդի պատմության և հավատքի պահպանմամբ։ Մեր պատվիրակությունը տեղում կհանդիպի հակամարտության հետևանքներն իրենց վրա կրող մարդկանց և կգնահատի ընթացող զարգացումները», — նշել է «Save Armenia»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Փոլ Մյուրեյը։
Հայաստանում պատվիրակության ներկայացուցիչները կհանդիպեն պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, գործարար համայնքի ղեկավարների, տեղահանված ընտանիքների և Հայաստանի համայնքների բնակիչների հետ։ Նրանք կայցելեն նաև պատմական, կրոնական և մշակութային նշանակություն ունեցող վայրեր և կծանոթանան Հայաստանի անվտանգային, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին։
Այցը հաջորդում է «Save Armenia»-ի «Ճշմարտությունը զբոսաշրջության համատեքստում» (Truth in Tourism) նախաձեռնությանը, որի շրջանակում բարձրաձայնվել է Արցախի զբոսաշրջային վայրերը ներկայացնող այն առցանց ռեսուրսների խնդիրը, որոնք չեն հիշատակում 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանության փաստը և տարածաշրջանի հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Նախաձեռնությունն ընդգծում է, որ տնտեսական գործունեությունը չպետք է նպաստի մարդկանց հիշողության կամ ճշմարտության ջնջմանը։
Այցի ընթացքում պատվիրակությունը կառաջնորդվի «Save Armenia»-ի «Խաղաղության ցուցիչով» (Peace Indicator), որը գնահատում է ինքնիշխանության, անվտանգության, կապակցվածության, մարդու իրավունքների և մշակութային ժառանգության ոլորտները։ ԱՄՆ վերադառնալուց հետո պատվիրակության անդամներն իրենց արձանագրածը կներկայացնեն լրատվամիջոցների, հանրային իրազեկման նախաձեռնությունների, հավատքի վրա հիմնված համայնքների ներկայացուցիչներին՝ նախաձեռնելով նաև արդի քաղաքականությունների շուրջ քննարկումներ։


























